Նորություններ

Իշխանություններին անհանգստացնող որևէ տհաճ զարգացում լինել չի կարող այս զուտ իրավական գործընթացից. Մ.Հայրապետյան

Հայաստանյան ներքաղաքական վիճակի, ՍԴ շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:

— Պարոն Հայրապետյան, ՍԴ շուրջ տեղի ունեցող զարգացումները ինչպե՞ս եք մեկնաբանում։ Արդյո՞ք 3 դատավորի և ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցումը լուծեց ՍԴ ճգնաժամը։

— Երեք դատավորի և նախագահի լիազորությունների դադարեցմամբ, իհարկե, դեռ չլուծվեց ՍԴ ճգնաժամը, բայց կլուծվի: Ժամանակի հարց է:

— Օրերս ոստիկանները թույլ չէին տվել ՍԴ շենք մուտք գործել Հրանտ Նազարյանին, որի պաշտոնավարումը դադարեցված է սահմանադրական փոփոխություններով։ Ըստ Ձեզ՝ ոստիկանության գործողությունները հիմնավոր և օրինաչա՞փ են:

— Իրավաբանական տեսանկյունից Ձեր հարցին միայն իրավաբանն իրավունք ունի պատասխան տալու, թեև բոլորն էլ հասկանում են, որ ոստիկանությունը չէր անի նման բան, եթե քաղաքական հրահանգ չլիներ: Ձեր այս հարցին ես ինձ իրավունք կվերապահեմ պատասխանել միայն քաղաքական տեսանկյունից. իսկ այդ տեսանկյունից՝ ոստիկանության գործողություններն ուշացած են առնվազն երկու տարի, ուստի չեն տեղավորվում քաղաքական հիմնավորվածության և օրինաչափության շրջանակներում: Մեզ, այսպես ասած, մանր «անհամություններ» են սպասվում:

— Հրայր Թովմասյանը թեև զրկվել է ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կմնա ՍԴ անդամ։ Ի՞նչ է նշանակում Թովմասյանի՝ ՍԴ-ում մնալը, հատկապես, երբ նրա՝ կեղծիքով ընտրվելուն առնչվող  քրեական գործ կար։

— Եթե այսքան ուշացված չլիներ խնդրի լուծումը, ապա չէր էլ առաջանա Դրեյֆուսի այս դատը: Իսկ քրեական գործի առնչությամբ ասեմ, որ թե՛ խորհրդային, թե՛ անկախության տարիներին այնքան «քրեական» շինծուություններ ենք տեսել, որ ոչ մի վստահություն չի կարելի ընձեռել դրանց. դա բացարձակապես գործոն չէ, առնվազն բարոյականության տեսանկյունից, մանավանդ որ հարուցողներն էլ, մեղադրանքները պաշտպանողներն էլ նույն անձինք են, ովքեր երեկ մեր դեմ էին նույնն անում: Դա նողկալի է կրկնակի, քանի որ առավել է խորացնում շարքային քաղաքացու անվստահությունը պետության ինստիտուտների հանդեպ, միով բանիվ՝ քաղաքացուն օտարում սեփական պետությունից:

— ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցրած Հրայր Թովմասյանը, դատարանից հեռացված ՍԴ 3 անդամները դիմել են ՄԻԵԴ՝ համարելով, որ խախտվել են իրենց իրավունքները։ Ինչպիսի՞ զարգացումներ են կանխատեսվում։

— ՄԻԵԴ-ով որևէ ճշմարտության հասնելը երկարատև գործընթաց է. վճիռները հաճախ լինում են այնքան ուշացած, որ երբեմն նույնիսկ անիմաստ են դառնում: Մեր տառապանքը երկարատև փորձ ունի: Իշխանություններին անհանգստացնող որևէ տհաճ զարգացում լինել չի կարող այս զուտ իրավական գործընթացից, եթե, իհարկե, այն չհամակցվի ընթացող քաղաքական բաղադրիչների հետ, որտեղ կարող է և խաղալ «որոշիչ փետուրի» դերը:

Back to top button
Close