Նորություններ

Գագիկ Ծառուկյանի գործը հետ կուղարկվի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության․ Վերաքննիչ դատարանը բեկանել է որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին ատյանի որոշումը եւ գործը հետ ուղարկել՝ նոր կազմով նոր քննության։

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասաց նրա պաշտպաններից Սամվել Դիլբանդյանը։

Թե կոնկրետ որ կողմի բողոքն է բավարարվել, որինը՝ մերժվել, պաշտպանը դժվարացավ ասել՝ նշելով, որ որոշումը իրենց ձեռքի տակ չէ, այն հրապարակվել է առանց իրենց մասնակցության։ Ամեն դեպքում, Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում, ըստ պաշտպանի, դատարանը չի կայացրել։

Սամվել Դիլբանդյանը նշեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են, քանի որ կա ՍԴ համապատասխան որոշում, որն արգելում է նման դատական ակտերը հետ ուղարկելը։

Որոշումը ստանալուց եւ դրան ծանոթանալուց հետո պաշտպաններն այդ մասին առավել մանրամասն կխոսեն։

Ծառուկյանը, հիշեցնենք, մեղադրվում է քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալը) եւ առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:

Հունիսի 21-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր նրան կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը՝ միաժամանակ արձանագրելով, որ առկա է հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն մեղսագրվող արարքները: Դատարանի որոշումը բողոքարկել են երկու կողմերն էլ. պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել հիմնավոր կասկածի առկայության, դատախազությունը՝ կալանավորման հիմքերի բացակայության դեմ:

armtimes.com

Back to top button
Close