Նորություններ

ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին հետամուտ լինել պարետի որոշումների պատշաճ կատարմանն ու ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին

Արտակարգ դրության՝ (covid 19) համավարակի պայմաններում ՀՀ պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ քաղաքացիների կողմից ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև՝ խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվում են քրեական գործեր:

Քննչական կոմիտեի վարույթում, արտակարգ դրություն հայտարարելու պահից, քննվել է 10 քրեական գործ, որոնցից 4-ը՝ մարզային քննչական վարչություններում, 6-ը՝ Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներում:

Այս պահին  դեռևս քննվում է 8 քրեական գործ, որոնցից 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի, մեկը՝ 316-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի (խուլիգանություն)1-ին մասի հատկանիշներով, մեկ քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 3091-րդ հոդվածի (խոշտանգումը) 1-ին մասի հատկանիշներով, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված ևս մեկ գործի  նախաքննությունն ավարտվել է և, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ՀՀ քննչական կոմիտեի  վարույթում քննվող  նշված քրեական գործերով 9 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որոնցից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, 7-ի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին, 1-ի նկատմամբ կիրառվել է գրավ, ևս մեկի նկատմամբ՝ ծնողի հսկողությանը հանձնելը, 1 անձ ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար։

 

Քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում ենք հետամուտ լինել արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների պահանջների և կանոնների պատշաճ կատարմանը, ենթարկվել ինչպես ՀՀ ոստիկանության, այնպես էլ՝ իրավապահ այլ մարմինների ծառայողների օրինական պահանջներին, որպեսզի ՓՐԿԵՆՔ ԿՅԱՆՔԵՐ:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Back to top button
Close