Նորություններ

Հայտնի է, թե որ երկրների համար է Վրաստանը բացում սահմանները

Նշվում է, որ Վրաստանն առաջին հերթին սահմանները բացում է «անվտանգ» երկրների համար, որոնք այսպես կոչված «կանաչ գոտում» են։

Առաջիկայում Վրաստանը սահմանները կբացի Գերմանիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի համար։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին։

Սակայն նշված երկրներից այցելուների համար հատուկ պայմաներ են սահմանվելու։ Վրաստանի օդականավակայան ժամանելուն պես այցելուները ստիպված կլինեն հատուկ էլեկտրոնային հարցաթերթիկ լրացնել, որտեղ կնշվի, թե որտեղ են եղել ժամանումից 14 օր առաջ։ Զբոսաշրջիկները նաև պետք է նշեն, թե Վրաստանում որտեղ են կանգ առնելու, լրացնեն հասցեն և հեռախոսահամարը։

Սակայն Չիկովանին չի ասել, թե երբ են սահմանները բացվելու։

Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին իր հերթին նշել է, որ մյուս երկրների համար Վրաստանը սահմանները կբացի, երբ նրանք հաղթահարեն նոր տիպի SARS-CoV-2 կորոնավիրուսի համաճարակը։ Նա ընդգծել է, որ այդպիսով իշխանությունները նախատեսում են վտանգը նվազագույնի հասցնել։

Չիկովանին խոստովանում է, որ այն երկրները, որտեղից Վրաստան էր ժամանում զբոսաշրջիկների առյուծի բաժինը (Հայաստանը Վրաստան այցելողների առաջատար եռյակում է՝ խմբ․), այսօր կա՛մ համաճարակի գագաթնակետին են, կամ դեռ չեն հաղթահարել այն։

Նա ընդգծել է, որ թեև ԵՄ-ում COVID-19-ը ավելի քիչ է տարածված, դա չի բացառում ռիսկի առկայությունը։ Կարող է և այնպես պատահել, որ Վրաստան նվազագույն քանակով զբոսաշրջիկներ ժամանեն, սակայն դա բավարար լինի վիրուսի նոր ալիքի տարածման համար։

Նշենք, որ Վրաստանի տնտեսության մեջ զբոսաշրջության չափաբաժինը 10-12% է։ Ավելի վաղ ԵՄ-ն Վրաստանը ներառել էր ԵՄ անդամ չհանդիսացող 15 անվտանգ պետությունների ցանկում, որոնց համար հուլիսի 1-ից սկսած սահմանները բաց են։ Վրաստանի համար սահմանները բացել են Շվեյցարիան, Հունգարիան, Գերմանիան, Լատվիան, Ֆրանսիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Իտալիան։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Հուլիսի 8-ի դրությամբ այդ երկրում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը կազմում է 963, նրանցից 841-ն արդեն առողջացել են, մահացել է 15 մարդ։

armeniasputnik.am

Back to top button
Close