Նորություններ

«Անձը, ում մասին բազմաթիվ անգամ հայտարարվել է, որ հանցագործ է, շարունակելու է զբաղեցնել ՍԴ դատավորի պաշտոն»

«Ստեղծված իրավիճակի մեղավորը և պատասխանատվության առյուծի բաժինը այսօրվա իշխանությանն է պատկանում, ով խնդիրը հասցրեց մինչև այս աստիճանին։

Առնվազն մեկ տարի առաջ լուծված խնդիրը այնքան ծանրացրին. այն աստիճանի աճպարարություններ արեցին, որ խնդիրը հասավ այսօրվա աստիճանին։

Ինչևէ, հիմա լուծումը գտել են, էլի սա չի համարվում ամբողջական լուծում, բայց լուծում է մեծ հաշվով, և կարծում եմ գոնե այսուհետ պիտի առավելագույնս հետևողական քայլեր կատարվի Սահմանադրական դատարանի կազմը ամբողջացնելու, և սահմանադրական մարմինները պիտի ներկայացնեն թեկնածուներին, ՍԴ կազմը պիտի համալրվի և սկսի վերջապես աշխատել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

Օրերս ոստիկանները թույլ չէին տվել ՍԴ շենք մուտք գործել Հրանտ Նազարյանին, որի պաշտոնավարումը դադարեցված է սահմանադրական փոփոխություններով։ Ոստիկանության գործողությունները հիմնավոր և օրինաչա՞փ են, հարցին Պապիկյանը պատասխանեց. «Ես ոչ թե ոստիկանության գործողություններին գնահատական կտամ, այլ ուղղակի կասեմ հետևյալը՝ նախկինում ՍԴ դատավորի,  ՍԴ անդամի պաշտոնը զբաղեցնող անձինք պիտի պարզապես չներկայանային աշխատանքի, որովհետև այլևս իրենք չեն զբաղեցնում այդ պաշտոնները։ Նրանք նախկինում էլ, երբ զբաղեցրել են այդ պաշտոնները, նախկին իշխանությունների զավթած հանցավոր համագործակցության շնորհիվ են այդ պաշտոնները զբաղեցրել և հիմա պարզապես պիտի չներկայանան, հասկանան, որ իրենց ժամանակը հիմա արդեն լրացած է։

Իրենք ոչ միայն փորձ են անում ներկայանալ, այլ հիմա էլ փորձում են տարբեր տեղեր բողոքարկել, ակցիաներ սկսել և քաղաքական պայքարի մեջ են մտել ներկա իշխանության հետ։

Ասում են, որ սահմանադրական արդարադատություն են ուզում իրականացնել։ Մի կողմից բացահայտ մարտահրավեր են նետել իշխանության վրա։

Բողոքում են, դա իրենց գործն է, լավ են անում, բայց որ ուզում են սահմանադրական արդարադատություն իրականացնել, դա արդեն զավեշտի ժանրից է»,- ասում է փաստաբանը։

Արայիկ Պապիկյանը, անդրադառնալով Հրայր Թովմասյանի  ՍԴ-ում մնալուն, շեշտեց. «Այս ամենը հերթական ծաղրական վերաբերմունքն է մեր երկրում սահմանադրական արդարադատությանը։

Անձը, ում մասին առնվազն քաղաքական իշխանության շուրթերով բազմաթիվ անգամ հայտարարվել է, որ հանցագործ է և հանցագործություններ է կատարել և կեղծիքով է ընտրվել և նա դեռ շարունակելու է զբաղեցնել արդեն ՍԴ ոչ թե անդամի, այլ դատավորի պաշտոնը, և այդ լուծման բանալին, այս ձևը, որ գտան, հերթական անգամ կես քայլ դեպի ենթադրյալ առաջընթաց էր։ Ճգնաժամը իրականում չլուծվեց։

ՍԴ-ում Հրայր Թովմասյանի մնալը ՍԴ-ի ամբողջ կազմի լեգիտիմությունը կասկածի տակ դնել է նշանակում»,- ընդգծեց փաստաբանը։

Back to top button
Close