Նորություններ

«Ձեր խմբակցության մեծ մասը վարակված է կորոնավիրուսով, մյուս մասը կոնտակտավոր է». Գորգիսյան

Ընդդիմությունն ԱԺ մեծամասնությանը մեղադրում է մեկուսացման փոխարեն ԱԺ նիստին ներկայանալու համար:

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ «Իմ քայլի»` ինքնամեկուսացման ցուցում ունեցող պատգամավորները մասնակցում են ԱԺ նիստին:

«Գիտենք, որ ձեր խմբակցության մեծ մասը վարակված է կորոնավիրուսով, մյուս մասը կոնտակտավոր է, ու 14 օր չեն մեկուսացել ու ինքնամեկուսացել՝ ըստ պարետի որոշման: Հիմա բոլորով հավաքվել ենք այստեղ` քննարկելու նախագծեր, որոնց հրատապությունն այնքան էլ հասկանալի չէ»,- ասաց Գորգիսյանը:

Նրա խոսքով` ԱԺ օրակարգում ներկայացրած բոլոր նախագծերը կարող էին քննարկել սեպտեմբերին՝ առանց վտանգելու պատգամավորների առողջությունը:

Նիստը նախաձեռնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը չհամաձայնեց Գորգիսյանի հետ՝ նշելով, որ ԱԺ-ն արձակուրդում չէ ու կարող է իրեն թույլ տալ մեկ օր ավել նիստ գումարել:

«Իսկ եթե տեղեկություն ունեք, որ ինչ-որ մեկը պետք է մեկուսացած լինի ու ներկա է այստեղ այս պահին, կխնդրեմ բարձրաձայնեք: Գուցե այդ հայտարարությունից հետո ԱԺ նախագահը քայլեր ձեռնարկի»,- ասաց Գաբրիելյանը:

Գորգիսյանը շեշտեց, որ դահլիճում ներկա են մարդիկ, որոնց մասին մամուլում հրապարակումներ են եղել, բայց 14 օրը չի լրացել: Պատգամավորը, սակայն, անուններ չտվեց:

Պատգամավորների երկխոսությանը միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հայտարարելով, որ դահլիճում մեկուսացման ու ինքնամեկուսացման ցուցում ունեցող պատգամավորներ չկան:

«Այն պատգամավորները, որոնք նախկինում եղել են կորոնավիրուսով հիվանդ, օրինակ` տիկին Պողոսյանը, նրա դեպքում արդեն 16 օրն է լրացել, և նա թեստի բացասական պատասխան ունի, կազդուրված է, առողջացած է, ինչի առթիվ բոլորիս շնորհավորում եմ»,- ասաց Միրզոյանը:

Նշենք, որ խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մասին է, որի վարակված լինելու մասին հայտարարվել էր հունիսի 24-ին:

Հիշեցնենք՝ 2020թ–ի հունիսի 18-ին խորհրդարանն ավարտել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի աշխատանքը:

Դրանից հետո ԱԺ-ն արդեն մի քանի արտահերթ նիստ է գումարել:

armeniasputnik.am

 

Back to top button
Close