Նորություններ

«Այս պահին հարաբերական անդորր է փոթորկից առաջ. որոշ քաղաքական ուժեր կփորձեն առաջիկայում բողոքի ցույցեր կազմակերպել». Ա. Վարդանյան

«Ըստ երևույթին, օրենքով խնդրահարույց կետեր կան, և նախագահը չի ուզում մտնել այդ պատասխանատվության տակ, այլապես մինչ այժմ նա, որպես կանոն, ստորագրել է բոլոր այն կանոնները, որոնք ընդունվել են ԱԺ-ի կողմից, իհարկե, բացառությամբ մեկ-երկու դեպքերի, որոնց սահմանադրականությունը ճշտելու, ճշգրտելու համար նա դիմել է Սահմանադրական դատարան։ Այս դեպքում նա չգնաց այդ քայլին՝ պատասխանատվությունը թողնելով «Իմ քայլը» դաշինքի վրա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով ՍԴ շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

Ըստ նրա՝ 3 դատավորի և ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցումը ճգնաժամը չի լուծել. «Հնարավոր է ավելի խճճվի և վատթարանա ճգնաժամը, մանավանդ արդեն հայտնի է դարձել, որ ՍԴ 3 դատավորները դիմել են ՄԻԵԴ, որպեսզի այնտեղ արագացված իրենց գործը քննվի։ Եթե գործը հօգուտ դատավորների քննվի, ապա ավելի կխճճվի և կբարդանա իրավիճակը, եթե ոչ, կարծում եմ, իրավիճակը հանգուցալուծում կստանա խաղաղ ձևով։ Չնայած մոտակա ժամանակներս խնդիրը չի հանգուցալուծվելու, և իշխանությունը գլխացավանքի առաջ է կանգնելու»,- կարծիք հայտնեց քաղաքագետը։

Արմեն Վարդանյանն անդրադառնալով վերջին շրջանի հայտնի դատավարություններին, ներքաղաքական կյանքին՝ ընդգծեց, որ լարվածությունն ավելի կմեծանա, առայժմ տակտիկական խաղ է տեղի ունենում։

Նրա կարծիքով՝ Քոչարյանի կողմնակիցները սպասում են ՍԴ-ի կողմից նիստ հրավիրելուն, մի շարք քաղաքական ուժեր սպասում են, որ ՍԴ-ի հարցը արագ կլուծվի, իշխանությունն, այսպես ասած, արագ կերպով ՍԴ անդամներ կնշանակի, և թափուր տեղերը կլրացվեն։

«Բազմակողմանի խաղ է գնում մի քանի քաղաքական ուժերի կողմից, ամեն մեկն իր խաղն է տանում, և ինտրիգներն օր-օրի ավելի են մեծանում»։

«Այս պահին հարաբերական անդորր է փոթորկից առաջ։

Ես կարծում եմ, որ մոտակա ժամանակներս նորից բուռն իրադարձություններ տեղի կունենան։ Շուտով դատարանը որոշում կկայացնի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցով, եթե չկալանավորի, կարծում եմ՝ Ծառուկյանը և նրա հետ դաշնակցող մի քանի կուսակցություններ կփորձեն առաջիկայում բողոքի ցույցեր սկսել, իհարկե, դա կախված է նրանից, թե երբ կվերացվի արտակարգ դրության ռեժիմը։

 

Հայաստանում որոշ քաղաքական ուժեր, օգտվելով ծանր սոցիալ-տնտեսական վիճակից, կսկսեն բողոքի ցույցեր կազմակերպել փողոցում և ըստ այդմ էլ այդպիսով ճնշումներ կգործադրեն կառավարության, իշխանության վրա։

Իշխանությունն էլ, բնականաբար, ձեռքերը ծալած չի նստի և պետք է փորձի առավելագույնն անել, որպեսզի սոցիալ- տնտեսական դրությունը մեղմացվի»,- եզրափակեց քաղաքագետը։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close