Նորություններ

Դատարանը մերժեց դատախազների միջնորդությունը. պաշտպանների իրավունքը չի սահմանափակվի. Փաստինֆո

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց մեղադրող դատախազների ներկայացրած միջնորդությունը՝ համապատասխան կարգավորումների բացակայության հիմքով։

Դատարանն արձանագրեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չի նախատեսվում կարգավորումներ, մասնավորապես՝ չկա որևէ դրույթ, որը թույլ կտա սահմանափակել դատական նիստի նախապատրաստական մասը և դատավարության կողմերից մեկի միջնորդություններ ներկայացնելու իրավունքը։ Դատարանն արձանագրել է, որ չկա որևէ կարգավորում՝ հասկանալու, թե երբ է պաշտպանական իրավունքը չարաշահվում, իսկ երբ՝ իրացվում։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ պահանջելով ճանաչել ամբաստանյալների պաշտպանների գործողություններում միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքի չարաշահումը և սահմանափակել դատական նիստի նախապատրաստական մասի ենթափուլն ու դրանում միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունն, անցնել դատաքննության՝ հնարավորություն տալով իրենց հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Պաշտպանական կողմն առարկել է ներկայացված միջնորդությանը։ Նկատենք, որ առարկություն է ներկայացրել նաև տուժողներից մեկը։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։

Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close