Նորություններ

Գյումրիի ծերերի տուն-ինտերնատի 151 խնամվող շահառուից 55-ը վարակվել են կորոնավիրուսով, 1-ը մահացել է

Գյումրիում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակման նոր օջախ։ Ծերերի տուն-ինտերնատում կորոնավիրուսային հիվանդացության դեպքեր են արձանագրվել. վարակվել են ոչ միայն խնամվող շահառուները, այլ նաև տուն-ինտերնատի աշխատակիցներ։

«151 խնամվող շահառուից 55-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։ 37 հոգի հոսպիտալացվել են, նրանցից 3-ը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են բուժում ստանում։

Կան հոսպիտալացվածներ նաև Երևանում և Սպիտակում։

Գյումրիի ծերերի տուն-ինտերնատում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով երեկ մահվան մեկ դեպք է արձանագրվել։ Մահացածը բուժում էր ստանում Սպիտակում»,-այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեցին Շիրակի մարզպետարանից։

Մարզպետարանից նաև տեղեկանում ենք, որ տուն-ինտերնատում մեկուսարան են սարքում, քանի որ կան անախտանիշ ընթացք ունեցող բուժառուներ, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, նրանք մնալու են տեղում և նրանց հսկողությունն այնտեղ է իրականցվելու։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 67 հիվանդ է բուժվում, նրանցից 65-ը Շիրակի մարզի բնակիչ են։

Կորոնավիրուսի հետևանքով Շիրակի մարզում արձանագրվել է մահվան 24 դեպք։

 

Back to top button
Close