Նորություններ

ՍԴ կազմը համալրելուց հետո այդ կայունացման գործընթացը կավարտվի, եւ հնարավոր կլինի անցնել նոր սահմանադրության շուրջ քննարկումների. Հ.Խուրշուդյան

Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է  «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ։

-Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել էր, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չի ստորագրվելու: Ի՞նչ է սա նշանակում, եւ ի՞նչ գործընթացների սպասենք մոտակա օրերին:

—  Չստորագրելու հետ մեկտեղ նա նաեւ չուղարկեց այդ օրենքները ՍԴ քննության։ Դա նշանակում է, որ իր կողմից այդ օրենքները ստանալուց հետո 21 օրվա ընթացքում չստորագրելու դեպքում դրանք կվերադարձվեն խորհրդարան եւ ԱԺ նախագահի կողմից ստորագրվելուց հետո կմտնեն ուժի մեջ։ Իհարկե, արդյունքում մի փոքր կերկարի ՍԴ բարեփոխումների գործընթացը, եւ, թերեւս, այդտեղ կարելի կլիներ որոշ ռիսկ տեսնել, օրինակ՝ նախկինների կողմից ապակայունացման պատուհանը բաց պահելով, սակայն, հուսով եմ, իշխանությունները կառավարում են այդ ռիսկը։

-Օրերս ոստիկանները թույլ չէին տվել ՍԴ շենք մուտք գործել Հրանտ Նազարյանին, որի պաշտոնավարումը դադարեցված է սահմանադրական փոփոխություններով։ Ըստ Ձեզ՝ ոստիկանության գործողությունները հիմնավոր եւ օրինաչա՞փ են:

-Այո։ ՍԴ շենք կարող են մուտք գործել միայն ՍԴ դատավորները եւ հրավիրված անձիք՝ հատուկ անցագրով։ Որքան հասկանում եմ, Հրանտ Նազարյանը, ով այլեւս ՍԴ անդամ չէ եւ ոչ էլ ՍԴ դատավոր, նման անցագիր չի ունեցել։

-Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ինչպե՞ս կբնորոշեք այսօր՝ դատական հայտնի գործընթացների և Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունների ֆոնին։

-Կարծում եմ՝ գնում ենք դեպի կայունացում։ ՍԴ կազմը համալրելուց հետո այդ կայունացման գործընթացը կավարտվի, եւ հնարավոր կլինի անցնել նոր սահմանադրության շուրջ քննարկումների, վեթինգի, անցումային արդարադատության եւ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի բռնագանձման գործնական քայլերի։

Back to top button
Close