Նորություններ

Չունենք որևէ պացիենտ, որն ունի հրատապ հոսպիտալիզացիայի կարիք, բայց հոսպիտալացված չէ. ԱՆ նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում և համավարակի նոր ցուցանիշներ։

«Երեկվա դրությամբ մեր մահճակալային ընդհանուր ֆոնդը արդեն հասել է 2600-ի, որից 2300-ը սովորական մահճակալներ են, դրանց մեծ մասը հագեցած է թթվածնային կենտրոնական մատակարարումով, իսկ մոտ 300-ը վերակենդանացման մահճակալներն են: Զբաղվածությունը շատ բարձր է, հատկապես վերակենդանացման բաժանմունքներում:

Ծանր և ծայրահեղ  ծանր պացիենտների ընդհանուր թիվը մոտ 650 է, նրանցից 47-ը գտնվում է թոքերի արհեստական շնչառության սարքերի տակ: Հարաբերականորեն բարվոք է տանը սպասող մեր քաղաքացիների առումով, այսինքն ժամը 3-ի դրությամբ մենք չունենք որևէ պացիենտ, որն ունի հրատապ հոսպիտալիզացիայի կարիք, բայց հոսպիտալացված չէ: Նաև ունենք 20 պացիենտ, որոնք կարիք ունեն այլ հիվանդանոցներից տեղափոխվելու կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող ԲԿ-ներ:

Ամեն օր ունենում ենք հարաբերականորեն կայուն թվեր, դա ևս հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ է։

Սովորաբար նման համավարակները տարածվում են պայթյունաձև, բայց մենք նման իրավիճակ չունենք: Այսինքն դիմակների պատշաճ կրելը մեզ մոտ էլ է ապացուցել, որ դրանք արդյունավետ են: Եթե այդպես չլիներ, մենք պատիկներով ավելի շատ դեպքեր կունենայինք: Այսինքն դիմակների կրումը աշխատում է»,- հայտարարեց նախարարը։

Արսեն Թորոսյանի խոսքերով՝ ինչպես առանց կոշիկ հագնելու տնից դուրս չենք գալիս, այնպես էլ պետք է առանց դիմակի դուրս չգանք։

Back to top button
Close