Նորություններ

Ո՞ր դեպքում կվերադառնանք սահմանափակումների ռեժիմին, և ընդհակառակը՝ ավելի խիստ սահմանափակումներ կկիրառվեն

«Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է մնալ ծանր։

Շաբաթ-կիրակի օրերին 1000 նոր դեպք ենք ունեցել: Առողջապահական համակարգն աշխատում է գերծանրաբեռնված: Ըստ էության, մենք ոչ միայն Հայաստանից ենք այսպիսի վատ լուրեր ստանում, այլ  նաև աշխարհից, բազմաթիվ երկրներում, որտեղ համարվում էր, որ համաճարակի իրավիճակը վերցվել է վերահսկողության տակ, ստացվում են լուրեր, որ նորից կորոնավիրուսի  նոր ալիք է սկսվում, և սա ընդհանուր առմամբ  ավելի է խտացնում այն պատկերացումը, որ մենք ունենք ընթացիկ վիճակի վերաբերյալ»,- այս մասին հայտարարեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ:

Վարչապետն ընդգծեց, որ տվյալ իրավիճակի հաղթահարման ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը։

Նրա պնդմամբ՝ իրավիճակը հնարավոր է հաղթահարել քաղաքացիների անհատական  վարքի փոփոխության և համագործակցության արդյունքում։

Շեշտում է, որ միայն վարչական մեթոդները որևէ արդյունք չեն կարող տալ, եթե տեղի չեն ունենում անհատական վարքագծի զանգվածային փոփոխություններ։

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ մեզնից յուրաքանչյուրի ջանքը ունի վճռական նշանակություն իրավիճակը հաղթահարելու գործում։

Փաշինյանն ասում է, թե որ դեպքերում կգնանք սահմանափակումների և ավելի խիստ սահմանափակումների ռեժիմ կկիրառվի։

«Այն պահին, երբ մենք կտեսնենք, որ առողջապահական համակարգը չի կարողանում, այլևս ի վիճակի չէ ծայրահեղ լարվածության պայմաններում սպասարկել քաղաքացիներին, մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

 

Back to top button
Close