ՆորություններՍպորտ

Հայաստանում մեզ մահապատժի ենթարկեցին առանց ապացույցների. Լոկոմոտիվի գլխավոր մարզիչ

Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Սերգեյ Լիտովչենկոն հարցազրույց է տվել ուկրաինական football.ua-ին և պնդել, որ Հայաստանում ոչ մի հետաքննություն չի իրականացվել պայմանավորված խաղերի գործով ու պարզապես «Լինչի դատաստան» են տեսել իրենց ակումբի հետ:

Հիշեցնենք՝ ՀՖՖ-ն օրերս հայտարարեց, որ դադարեցնում է Առաջին խմբի առաջնությունը: ՀՖՖ-ի փոխանցմամբ, 5 ակումբ, այդ թվում Երևանի «Լոկոմոտիվը», ներգրավված է եղել պայմանավորված խաղերում, ինչի արդյունքում 58 մարդ որակազրկվել է, 45-ը՝ ցմահ: Այդ 58 անձնացից 25-ն ուկրաինացի է, որոնցից 12-ը ներկայացնում էին հենց «Լոկոմոտիվը»:

-Պատմեք, խնդրում եմ, այս սկանդալի մասին: Ո՞ւմ է այն ձեռնտու:

-Ցանկանում եմ սկսել նախապատմությունից: Շատ կարևոր դրվագ տեղի ունեցավ ձմռանը, երբ կատարվում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը: Միակ ակումբը, որն օբյեկտիվ պատճառներից ելնելով չներկայացավ քվեարկությանը, մերն էր: Մեզ միանգամից հասկացրին, որ «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբն անհարմարություններ է ստեղծում, ձեռնտու չէ:

Դրանից հետո թեթև ահաբեկչություն սկսվեց: Նախագահն ամեն խաղից առաջ զգուշացնում էր, որ մեր մրցավարները կարող են վատ դատել մեր խաղերը, մեր հանդեպ կարող են շատ ուշադիր լինել՝ կանոնադրությունը պահելու տեսանկյունից: Մենք դրանից չէինք վախենում:

Մի անգամ մեզ զրկեցին 3 միավորից՝ «ոչ այն» խաղացոցին օգտագործելու համար: Բայց մենք կարողացանք ապացուցել մեր ճշմարտացիությունն ու այդ 3 միավորը վերադարձրինք:

Մինչև վերջին տուրը մենք առաջին տեղում էինք: Իսկ հետո այն թիմերը, որոնք ձեռնտու են ֆեդերացիային, տուրի կեսը խաղացին: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ «Վանին» Բարձրագույն խմբում տեղ են խոստացել: «Վանը» խաղաց, միավորներով հավասարվեց մեզ և լրացուցիչ ցուցանիշներով հայտնվեց առաջին տեղում: Մեզ թույլ չտվեցին խաղալ այդ տուրն ու ավարտեցին առաջնությունը:

Այդ որոշումն՝ առանց դատի ու հետաքննության, ինձ համար պարզապես շոկ էր: Ինչո՞ւ որակազրկված մարդկանցից և ոչ մեկին չկանչեցին հարցաքննության, ինչո՞ւ ոչ մի հետաքննություն չիրականացրին: 6 հոգի հավաքվեց 4 պատերի ներսում ու Լինչի դատաստան կիրառեցին, ես այլ կերպ չեմ կարող սա անվանել: Ես միշտ կարծել եմ, որ Հայաստանը քաղաքակիրթ եվրոպական երկիր է, իսկ այստեղ առանց դատի ու հետաքննության, նորից եմ կրկնում, առանց ապացույցների որոշեցին մեզ մահապատժի ենթարկել:

Նախևառաջ սա ձեռնտու է ֆեդերացիային, և իհարկե՝ «Վան» թիմին, որին տեղ են խոստացել Բարձրագույն խմբում: Խաղացանկը մեզ համար ավելի հեշտ է, քան «Վանի» ու մենք անարգել կհայտնվեինք Բարձրագույն խմբում:

Ես սա ասում եմ միայն «Լոկոմոտիվ» ակումբի վերաբերյալ, մյուս թիմերի մասին ոչինչ չեմ կարող ասել: Ես պատասխանատու եմ միայն իմ և իմ տղաների համար:

armsport.am

Back to top button
Close