Նորություններ

«ՍԴ չի կարող մտնել անձ, ում լիազորությունները դադարեցվել են. դա նախկինում էր, երբ Հրայր Թովմասյանի սանիկը կարող էր առանց գրանցվելու մտնել ՍԴ և մասնակցել նիստերին»

«Նախագահի ինստիտուտը հենց դրա համար էլ ստեղծված է, որպեսզի կարողանա ապահովել փոխզսպումների ինչ-որ մեխանիզմներ։ Ենթադրում եմ, որ նախագահն ունի իր ուրույն մոտեցումը ու, ըստ էության, նա օգտվել է իր իրավունքներից և իրեն ընձեռված լիազորություններից, բնականաբար, այնտեղ կային նաև այլ լիազորություններ այդ գործը քննելու, կարծես թե, այդ գործիքը առայժմ չի օգտագործվում։ Ոչ մի արտառոց բան չկա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով ՍԴ շուրջ տեղի ունեցած զարգացումներին։

Իրավապաշտպանի կարծիքով՝ ՍԴ ճգնաժամի լուծման համար խորքային փոփոխություններ են անհրաժեշտ, ՍԴ ամբողջ կազմի փոփոխություն։

«Առհասարակ, ՍԴ-ի հետ կապված փոփոխությունները, որոնք ուղիղ կապված են դատաիրավական համակարգի հետ, մեղմ ասած, շատ ուշացած են, և դա է պատճառը, որ մենք այսօր պարբերաբար ունենում ենք հայտարարություններ քաղաքական հետապնդումների ու քաղաքական որոշումների մասին, իբր կոնկրետ անձանց դեմ ուղղված գործողությունների մասին, ինչն ուշացման պատճառով է։

Եթե գործող իշխանությունը ժամանակին կարողանար ճիշտ գնահատել առաջնահերթությունները, այսօր այս վիճակը չէր լինի։ Ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, ուղղակի բոլոր գործողություններն ընթանում են շատ մեծ ուշացումով։

Շատ դեպքերում իշխանությունը թույլ է տալիս, որ իր գործողություններն ու որոշումները շահարկվեն, որովհետև իշխանությունը մի օր որոշում է, որ հեղափոխական քայլեր է անում, մի օր էլ որոշում է, որ պիտի օրենքի տառին համապատասխան աշխատի։ Այստեղից են գալիս դժվարություններն ու կասկածները։

Իշխանության ներկայացուցիչները մեկընդմիշտ պիտի որոշեն՝ ինչպես են շարժվում՝ հեղափոխության տրամաբանությանը համարժե՞ք, թե՞ ըստ նպատակահարմարության»,- ընդգծեց Կարապետյանցը։

Ինչ վերաբերում է Հրանտ Նազարյանին՝ ոստիկանների կողմից  ՍԴ մուտք գործելու արգելքին, իրավապաշտպանն արձագանքեց. «Ես վստահ եմ, որ որևէ հանցագործության էլեմենտ չկա, կա օրինական ուժի մեջ մտած, արդեն հրապարակված փաստացի որոշում։

Զարմանալի է, բայց այս անգամ պիտի ստիպված լինեմ գովելու ոստիկանությանը, որովհետև գործել են իրենց լիազորությունների սահմաններում և ամբողջովին օրինական են եղել գործողությունները։

Իհարկե, ՍԴ չի կարող մտնել անձ, ում լիազորությունները դադարեցվել են, և նման իրավունք չունի։

Դա նախկինում էր, երբ Հրայր Թովմասյանի սանիկը՝ Օրբելյանը, կարող էր առանց գրանցվելու մտնել Սահմանադրական դատարան և մասնակցել նիստերին, քննարկումներին։

Օրինական գործողություններ են եղել, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- եզրափակեց Նինա Կարապետյանցը։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close