Նորություններ

Միայն Ծառուկյանն է, որ կորոնավիրուս է, բոլորը նույն հիվանդությունն ունեն և փախչում են «մամայի»՝ Մարուսյայի մոտ. Լ. Շիրինյան

ՍԴ շուրջ տեղի ունեցած զարգացումների, ներքաղաքական իրավիճակի և վերջին շրջանում տեղի ունեցած դատավարությունների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ։

«ՍԴ շուրջ զարգացումները դադարեցին, հարցը հիմնականում լուծվեց։ ՍԴ ճգնաժամ չկա։ Մեր հանրապետությունը խորհրդարանական է, խորհրդարանական հանրապետությունում առաջնային մանդատ ունի միայն Ազգային ժողովը։ ԱԺ-ում «Իմ քայլն» ունի 88 ձայն, ինչը սահմանադրորեն կոչվում է որակյալ կամ բացարձակ մեծամասնություն։ Այս դեպքում խորհրդարանն ի վիճակի է առաջնային մանդատով ընդունել ցանկացած որոշում, և ցանկացած որոշում օրինական է։

Ինչ վերաբերում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով ՀՀ նախագահի կողմից չստորագրելուն, ապա ասեմ, որ Արմեն Սարգսյանը Սահմանադրությամբ այդ հարցի կապակցությամբ ոչ մի լիազորություն չունի, և դա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ ԱԺ որոշման վրա, որ քվեարկել է։ Նախագահը լիազորություններ չունեցող անձ է։

Չգիտեմ ինչու այդպես արեց, բայց դրանով կարծես դիմացինների բերանը ոսկոր գցեց, բայց նրանց բերանում ատամ չկա։ Նրանք կգոռգոռան, կբլթբլթան, ոչինչ, կանցնի մի շաբաթից։ Այստեղ որևէ խնդիր չկա, պետք է առաջ նայել և հասկանալ՝ ինչպես վերաշինել երկիրը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետը։

Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ինչպե՞ս կբնորոշեք այսօր՝ դատական հայտնի գործընթացների և Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունների ֆոնին. օրինականության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական բարեփոխումների ռազմավարությունը, ըստ Ձեզ, արդյունավե՞տ է իրականացվում: Հարցին Շիրինյանը պատասխանեց. «Իհարկե արդյունավետ չի իրականացվում, բայց պիտի նկատի ունենալ երկու տարվա մեջ Հայաստանի ներքին զարգացումները և արտաքին միջավայրը։ Տեսնում ենք, թե մեծ եղբայրը ոնց է խաղացնում ղոլամներին՝ երկրի ներսում և երկրից դուրս հայտարարություններ անելով։

Հաշվի առնենք, որ Հայաստանի թալանչիները, գողերը առանձնապես տղամարդկություն չունեն, որպեսզի գողացածի համար պատասխան տան, թալանածի համար դատարան գնան՝ առանց մռթմռթալու։

Ուրիշ երկրներում պաշտոնանկություններ են լինում, հրաժարականներ են լինում։ Դատավարությունը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևինն էր. 11 տարի երկու ամիս ազատազրկում եղավ՝ մինչև սեփականազրկում։

Մեր երկրում այլ է. հանցագործներին մեղադրանք է առաջադրվում, և պարզվում է, որ հիվանդ են, քաղբանտարկյալ են կամ չեխոտկա։

Միայն Ծառուկյանն է, որ կորոնավիրուս է, բոլորը նույն հիվանդությունն ունեն և փախչում են «մամայի»՝ Մարուսյայի մոտ։ Սա է շնորհքն ու ձևը։

Դատավորներն իրենցն են, տանում են ու բերում, իհարկե, դա ինձ դուր չի գալիս։ Ես չեմ քննադատում, ուղղակի նայում եմ հնարավորություններին։ Երկիրը ծայրից ծայրից կողոպտված է եղել, մազից կախված. նորմալ է ամեն ինչ, բայց եթե ոչինչ չարվի, դա նորմալ չէ։

Բայց ես ասեմ, որ քաղաքական մաքսիմալիզմը կարող է բերել օտար պետության միջամտության։ Կարծում եմ, որ մենք ռեֆորմների ճանապարհով ենք անցնում։ Երկիրը կամաց-կամաց մաքրվում է ախոռներից»,- նշեց քաղաքագետը։

Վարչապետի չափավոր զգուշավորությունը պաշտպանում է, բայց իրենք պետք է պատասխանեն, իրենք ինչու են այդքան զգուշավոր. «Ընդհանուր զանգվածային տրամադրություն է առաջացել ամեն քայլի հանդեպ և կասկած է սերմանվում ամեն որոշման նկատմամբ»,- եզրափակեց Շիրինյանը։

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close