Նորություններ

Ինչ են մտածում ԲՀԿ-ում ԼՀԿ-ի ներկայացրած այլընտրանքային ծրագրի մասին

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող ՀՀ կառավարության կառուցվածքի այլընտրանքային տարբերակին և նրան, որ արդյոք պատրաստ են քննարկումների, նշեց՝ նմանատիպ հարցերի քննարկումը շատ կարևոր են համարում:

«Նման հարցերը մենք չենք քննարկում միայն պատգամավորների մակարդակով: Մենք գտնում ենք, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան, և ըստ էության հարց լուծելու ճանապարհով գնանք, նմանատիպ հարցերը կիրառության մեջ պետք է փորձագետների հետ էլ քննարկենք և, ինչու չէ, միջազգային փորձի հետ համադրենք… Այն, որ կառավարման ոլորտն ավելի արդյունավետ դարձնելու կարևորություն կա, ակնհայտ փաստ է»:

Խոսելով այն մասին, որ առաջարկը ենթադրում է նաև երեք փոխվարչապետի հաստիք, որից մեկը, ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության, պետք է զբաղվի սփյուռքի հետ կապերի և հայրենադարձության հարցերով, Էնֆիաջյանը շեշտեց, որ իրենք նույնպես ողջունել են Հայաստան – Արցախ — Սփյուռք կապը:

«Մենք երկար տարիներ շարունակ միշտ կարևորել ենք մեր կուսակցության նախագահի մակարդակով խոսելու, ներկայացնելու, որ Հայաստան — Արցախ — Սփյուռք կապը պետք է հաստատուն լինի, այս կապը պետք է զարգացման իրատեսական լծակներ ունենա»,- հավելեց փոխնախագահը:

Back to top button