Նորություններ

«Մեզնից յուրաքանչյուրը իր գործն է անում, ու կարևոր չէ գործի դժվար ու հեշտ, վտանգավոր ու անվտանգ լինելը. կարիքը կա, ուրեմն պարտավոր ես դա անել». կամավոր-ուսանող

Ռաֆիկ Խոցանյանը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության 5-րդ կուրսի ուսանող է, 4 ամիս է ներգրավվել է կամավորական աշխատանքներին։

«Մարտի 26-ից սկսել եմ կամավորությունս։ Որոշեցի զբաղվել կամավորությամբ, որովհետև պարզապես կարծեցի, որ դրա կարիքը կա: Տեսա առողջապահության նախարարության հայտարարությունը ու մտածեցի, որ տանը նստելու փոխարեն կարող եմ ժամանակս ծառայեցնել ինչ-որ կարևոր բանի։

Ծնողներիս գնալուցս մոտ 6-7 օր առաջ շատ թռուցիկ կերպով ասել էի, որ ուզում եմ գնալ կամավորությամբ զբաղվելու։ Քրոջս, ում հետ երկուսով ենք Երևանում ապրում, ընդհանրապես չէի ասել, որ այդպիսի մտադրություն ունեմ:

Այնպես ստացվեց, որ ես կամավորության գնացի կեսգիշերից հետո՝ 1:30: Քրոջս պարզապես գրկեցի ու ասացի՝ զգույշ լինի, իսկ ծնողներիս նամակ գրեցի։

Մայրս բնականաբար հաջորդող մի քանի օրը շատ անհանգիստ էր: Հայրս զանգեց ու ասաց՝ չվարակվես, եթե գտել ես, որ այդպես է պետք, ուրեմն այդպես արա, հաջողություն քեզ։

Ամենածանրը քույրս էր տանում, որովհետև մնացել էր տանը մենակ, ինքնամեկուսացված, ու էլ հետը երեկոյան «ջրիկություններ» անող չկար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է ԵՊԲՀ ուսանողը։

Կամավոր-ուսանողը պատմում է՝ կամավորության ընթացքում կարոտել է ազատ ռեժիմը, տանեցիների հետ զրույցներն ու շփումը, փողոցում քայլելը, մայրիկի պատրաստած ուտելիքներն ու էլի շատ բաներ, որոնք եղել են համավարակից առաջ։

Ռաֆիկի կյանքում համավարակի ընթացքը բարդ է եղել. «Օրեր էին լինում, երբ ոչ ոքի չէի ուզում տեսնել, ազատ ժամանակ փակվում էի սենյակում, մենակ ուտում, մենակ լցնում ազատ ժամանակս, բայց քիչ-քիչ վերականգնում եմ ամեն ինչ։

Հիմա ժամանակավոր հանգստի եմ անցել, վայելում եմ այն ամենը, ինչը կարոտել էի: Մի քանի օրից էլի կվերադառնամ գործիս, մի փոքր այլ պրոֆիլով: Այս ամբողջ ընթացքում պրոբլեմներ առաջացրել է ոչ թե վիրուսը ու հիվանդությունը, այլ սոցիումը, մարդիկ, կաղապարված մտածելակերպը, այս ամենին տարբեր քաղաքական ու մասսոնական բացատրություն տվողները: Ամենադաժան պահն է, երբ օրերով տանջվում ես, ուզում ես մի բան անել, մեկ էլ մեկը ասում է՝ «Այս ամենը սուտ է, անկապ բաներ եք անում»: Երևի եթե կամավորներս զսպվածություն չդրսևորեինք, մարդիկ իրոք առողջական վիճակից բողոքելու տեղ կունենային»,- ասում է կամավորը։

Նրա խոսքերով՝ ամեն ինչից հետո գործին անընդհատ վերադառնալ ու շարունակել օգնում է գաղափարը՝ օգնել ազգին, օգնել պետությանը, փորձել դառնալ կոլեկտիվ մտածելակերպի մի մասնիկ։

Ռաֆիկ Խոցանյանն ասում է՝ համավարակի ավարտից հետո շատ հիշողություններ ունի, շատ բաներ են դարձել իրենը. «Մարդիկ, ում ձեռք բերեցի համատեղ աշխատանքի արդյունքում, դարձել են կյանքիս մասնիկը: Իսկ մարդկանցից բացի կհիշեմ երեկոները, երբ լուսամուտից դուրս նայելով՝ երազում էի ընկերներիս հետ նստել այգու խոտերին ու ինչ-որ բանից զրուցել»,- ասում է նա։

«Մեզնից յուրաքանչյուրը իր գործն է անում, ու կարևոր չէ գործի դժվար ու հեշտ, վտանգավոր ու անվտանգ լինելը. կարիքը կա, ուրեմն պարտավոր ես դա անել»,- եզրափակեց նա։

Back to top button
Close