Նորություններ

«Տրվեց կիսատ-պռատ որոշում, որը որոշ չափով կազդի ՍԴ հետագա գործունեության վրա․իշխանություններից կպահանջվի մեծ կամք և անաչառություն»

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ։

««Սահմանադրական բարեփոխումների մասին» օրենքի նախագիծը միանշանակ լավագույն լուծումը չէր ՍԴ ճգնաժամը լուծելու համար, և կարելի է ասել, որ լավագույն լուծման հնարավորությունը իշխանությունը բաց թողեց այն պահից, երբ ձևավորվեց նոր խորհրդարանը 2018թ. դեկտեմբերին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Բորիս Նավասարդյանը։

Նրա խոսքերով՝ իրենք պնդել են, որ լեգիտիմություն ունեցող նոր խորհրդարանը պետք է տար Հայաստանի նախորդ տասնամյակների կառավարման իրավաքաղաքական գնահատական և այդ ակտի հիման վրա ավելի մեծ լեգիտիմություն կունենար, քան 2015թ. փոփոխված Սահմանադրությունը։

«1995թ. սկսած մեր այս գործող Սահմանադրությունը լեգիտիմության հետ որոշ խնդիրներ ունի։ Քանի որ ժամանակին չտրվեց իրավաքաղաքական գնահատական, հետագայում սկսեցին առաջանալ խնդիրներ, որոնք հանգուցալուծում էին պահանջում։ Եվ առաջին հերթին, այո, դրանք ՍԴ այսօրվա կազմի հետ կապված խնդիրներն էին։

Մի քանի փորձեր արվեցին իշխանության կողմից, որոնք նույնպես լավագույն լուծումները չէին։ Սկզբում ուղղակի փորձ արվեց ՍԴ անդամների ձեռքով պաշտոնանկ անել Հրայր Թովմասյանին։

Հետո, այսպես ասած, փորձեցին կաշառել Սահմանադրական դատարանի անդամներին՝ առաջարկելով վաղաժամ թոշակ, որպեսզի իրենք թողնեն իրենց պաշտոնները։

Բնականաբար, դա էլ այն լուծումը չէր, որ կարող էր առողջացնել ընդհանուր իրավիճակը ՍԴ-ի շուրջ»,- ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահը։

Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ՍԴ ճգնաժամը հաղթահարելու քիչ թե շատ ընդունելի տարբերակը հանրաքվեն էր։

«Մեծ հաշվով ուղղակի լուծում էր միայն ՍԴ ինստիտուտի հարցը, այլ ոչ թե նաև համալիր կերպով բոլոր ինստիտուտների, որոնք խնդրահարույց են։ Այդ քիչ թե շատ ընդունելի տարբերակը հանրաքվեն էր։

Եթե հանրաքվեն անցկացվեր մաքրամաքուր եղանակներով, դա լեգիտիմ որոշում կլիներ ՍԴ հետ կապված, բայց այս համավարակի պայմաններում հանրաքվեի անցկացումը անհնարին էր, և փաստորեն տրվեց կիսատ-պռատ որոշում, որը որոշ չափով կազդի Սահմանադրական դատարանի հետագա գործունեության վրա, բայց իր լեգիտիմության հարցը ամբողջովին չի լուծում։ Սա մասնակի հանգուցալուծում էր. ժամանակավոր քայլ, որը միգուցե որոշակիորեն և դրականորեն կազդի Սահմանադրական դատարանի հետագա գործունեության վրա։

Ամբողջ խնդիրն այն է, որ ՍԴ-ում մնում են կուսակցական պատկանելության սկզբունքով նշանակված անդամներ, ովքեր ներկայացրել են կոնկրետ կուսակցություններ, բայց ոչ ֆորմալ քվոտայով են դարձել ՍԴ անդամներ։

Եվ այն որոշումը, որ փոփոխությունները որոշ չափով կնպաստեն այդ մարմնի առողջացմանը, հնարավոր է, եթե նոր դատավորներն ունենան բարձր պրոֆեսիոնալ համբավ և լինեն քաղաքականապես 100%-ով չեզոք և չներկայացնեն քաղաքական շրջանակների շահեր։

Այդ խնդիրը հեշտ չի լինելու լուծել ներկա քաղաքական մթնոլորտում, և դրա համար իշխանություններից կպահանջվի մեծ կամք և անաչառություն։ Չեմ կարող ասել՝ որքանով են նրանք պատրաստ այդպիսի որոշումների համար»,- եզրափակեց Երևանի մամուլի ակումբի նախագահը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ն ընդունեց «Սահմանադրական փոփոխությունների» մասին օրենքի նախագիծը։

Սահմանադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

Back to top button
Close