Նորություններ

Ինչպես է հայտնվել գեներալի որդին Մեղրիի զորամասում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում անդրադառնալով Մեղրիի զորամասում տեղի ունեցած միջադեպին, ընդգծեց.

«Մեղրիի գնդում տեղի ունեցածը ունեցել է իր ամբողջ նախապատմությունը: Դա առնչվում է հովանավորյալ մարդկանց առկայությանը: Իմացանք, որ հրահրողների մեջ մեծ դեր է ունեցել գեներալի որդին, բայց նրա ազդեցությունը մեկ օրվա չէ»:

Սաքունցի դիտարկմամբ՝ ժամանակին այն անհրաժեշտ գործողությունները, որ պետք է կատարեին ջոկի հրամանատարից մինչև կորպուսի հրամանատար, չեն արվել՝ շատ լավ իմանալով հնարավոր խնդիրները.

«Պետք է լիներ զինվորական կարգապահություն և չտարբերակված մոտեցում»:

Իրավապաշտպանը կարծում է՝ կարգապահությունը խախտված է եղել հրամանատարների իմացությամբ, և այստեղ լուրջ պատասխանատվության պետք է ենթարկվեն հրամանատարները.

«Հարց է ծագում՝ ինչպես է հայտնվել գեներալի որդին Մեղրու զորամասում, մեզ համոզում են որ դա վիճակահանությամբ է լինում»:

Բանախոսի համոզմամբ՝ Մեղրու միջադեպի ուղղությամբ տարվող քննության տվյալները պետք է ներկայացվեն հանրությանը, որպեսզի լինի վստահություն, որ նման արտոնյալ դեպքերը չեն կարող կրկնվել:

Անդրադառնալով բանակում տիրող կանոնադրական հարաբերությունների կարգավորմանը՝ Սաքունցն ընդգծեց. «Առաջին հերթին պետք է աշխատի ներքին կանոնակարգը, ինչպես որ կա: Չպետք է թույլ տալ կանոնակարգից որևէ շեղում: Զուգահեռաբար պետք է լինի ռազմական օմբուդսմենի ինստիտուտը, զինվորական ծառայության հետ կապված բողոքների քննման արդյունավետ մեխանիզմներ պետք է ներդրվեն, բավական լուրջ աշխատանք պետք է տարվի անձնակազմի հետ, սպա հոգեբանների դերը պետք է մեծացվի»:

Մեր հարցին, թե հեղափոխությունից հետո բանակում կանոնադրային հարաբերություններում դրական տեղաշարժ տեսնո՞ւմ է, բանախոսն արձագանքեց՝ ոչ:

Ավելին
Back to top button
Close