ՆորություններՏնտեսական

Եթե բնական գազի սակագինը բարձրանում է բնակչության համար, այն ունենում է ուղղակի սոցիալական հետևանքներ. ԼՀԿ պատգամավոր

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին ժամանակահատվածում Սահմանադրության փոփոխությունների և անշարժ գույքի հարկման նոր համակարգի ներդրման շուրջ քննարկումները կարծես թե աննկատ թողեցին բոլորովին վերջերս գազի սակագների բարձրացման հանգամանքը: Նոր սակագները հիմնականում ուժի մեջ կմտնեն 2020թ. հուլիսի 19-ից:

Այսպես.

1.ՀՀ ՀԾԿՀ-ը ս.թ. հունիսի 19-ին սահմանեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները:

2.Ըստ այդ որոշման՝ բնակչության, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար բնական գազի սակագները կմնան անփոփոխ (համապատասխանաբար 139 դրամ և 100 դրամ՝ մեկ խմ գազի համար (ներառյալ ԱԱՀ)):

3.Սակայն սպառողների մեկ այլ հատվածի (առանձին տնտեսավարողների) համար բնական գազի սակագները կփոխվեն: Մասնավորապես.

ա) գյուղատնտեսության ոլորտում գործող ջերմոցային տնտեսությունների համար (նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը), ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրողների համար բնական գազի սակագինը կդառնա 224 ԱՄՆ դոլար՝ հազար խմ գազի համար (ներառյալ ԱԱՀ)՝ ներկայումս գործող 212 ԱՄՆ դոլարի փոխարեն՝ թանկանալով շուրջ 5.7%-ով.

բ) այն տնտեսավարողների (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայանների) համար, որոնք յուրաքանչյուր ամսում սպառում են 10 հազար խմ-ը գերազանցող գազ, սակագինը կդառնա 255.91 ԱՄՆ դոլար՝ հազար խմ գազի համար (ներառյալ ԱԱՀ)՝ ներկայումս գործող 242.1 ԱՄՆ դոլարի փոխարեն՝ ևս թանկանալով շուրջ 5.7%-ով:

4.Ի՞նչ է այս ամենը նշանակում: Հիշու՞մ եք դեռ անցած տարի, երբ կառավարությանը հարցնում էինք, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գազի դիմաց՝ բնակչությու՞նը, պետությու՞նը, թե՞ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: Ահա և պատասխանը՝ Հայաստանյան տնտեսությունը՝ վճարելով առանձին տեղական արտադրության ապրանքների ինքնարժեքի բարձրացմամբ, հետևաբար այդ ապրանքների հնարավոր թանկացմամբ, մրցունակության անկմամբ, արտադրության պոտենցիալ ծավալների և արտահանման ներուժի նվազմամբ, ինչպես նաև աշխատատեղերի հնարավոր կրճատմամբ:

5.Մենք հաճախ եք խոսում տնտեսության արտահանելի հատվածի մրցունակության բարձրացման և զարգացման անհրաժեշտության մասին՝ նախ և առաջ նկատի ունենալով նաև հենց վերամշակող արդյունաբերությունը՝ պահածոների, խմիչքների, կաթնամթերքի, մսամթերքի արտադրությունը, ջերմոցային տնտեսությունները: Մեզ անհրաժեշտ է, որ արտահանման կառուցվածքում գերակշռի ոչ թե հանքաարդյունաբերության, այլ ՏՏ և վերամշակող արդյունաբերության արտադրանքը: Դրան հասնելու կարևորագույն ուղիներից է՝ վերամշակող արդյունաբերության արտադրանքի և ոչ միայն դրա ինքնարժեքի նվազեցումը և մրցունակության բարձրացումը: Մինչդեռ բնական գազի սակագների բարձրացումը ոչ միայն որևէ ձևով չի նպաստում այդ խնդրի լուծմանը, այլ ճիշտ հակառակը:

6.Վերը նշված տնտեսավարողները, ինչպես նաև ջերմային էլեկտրակայանները, ցեմենտի գործարանները և այլ բազմաթիվ արտադրողներ կարող են հատկապես զգայուն և խոցելի լինել, եթե բնական գազի ծախսը ունի զգալի տեսակարար կշիռ ընդհանուր ծախսերի մեջ: Նման դեպքերում գազի սակագնի բարձրացման ազդեցությունը տվյալ արտադրողի մրցունակության վրա կարող է լինել էական:

7.ՀԾԿՀ-ի որոշման արդյունքում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակազմը ենթարկվելու է օպտիմիզացիայի, կրճատվելու է շուրջ 1000 աշխատակից, այդ թվում՝ հսկիչների մոտ կեսը և, ինչպես նշել է ընկերության գլխավոր տնօրենը, որոշակի առումով կտուժեն նաև ընկերության զարգացման տեմպերը՝ երևի թե ակնարկելով կապիտալ ծախսերի հնարավոր կրճատման մասին:

8.Առհասարակ, եթե բնական գազի սակագինը բարձրանում է բնակչության համար, այն ունենում է ուղղակի սոցիալական հետևանքներ, իսկ եթե այն բարձրանում է տնտեսավարողների համար, սոցիալական հետևանքները կարող են լինել ոչ ուղղակի, սակայն հաճախ շատ ավելի խորը՝ գործազրկության, առանձին ապրանքների գների հնարավոր բարձրացման, առանձին արտադրությունների մրցունակության անկման և կրճատումների տեսքով:

9.Ազդեցության իրական ծավալների կոնկրետ թվային ցուցանիշներ ունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը իրականացնի գազի սակագների բարձրացման համակողմանի ազդեցության գնահատում՝ ջերմոցային տնտեսությունների, վերամշակող արդյունաբերության, ջերմային էլեկտրակայանների, ցեմենտի գործարանների վրա և այլն, մասնավորապես, տվյալ արտադրանքի ինքնարժեքի, գնի, մրցունակության, արտադրության և արտահանման պոտենցիալ ծավալների և աշխատատեղերի վրա: Այս ամենն անհրաժեշտ է՝ նշված բացասական ազդեցության մեղմմանը կամ չեզոքացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար: Առողջ եղեք»։

Գազի սակագների բարձրացման և դրա տնտեսական հետևանքների մասին Վերջին ժամանակահատվածում Սահմանադրության փոփոխությունների…

Gepostet von Arkadi Khachatryan / Արկադի Խաչատրյան am Mittwoch, 1. Juli 2020

Back to top button
Close