Նորություններ

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը մերժելու մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ծառուկյանի պաշտպանական խմբի անդամ Սմբատ Մինասյանից՝ նշելով, որ դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ։

Նշենք, որ դատավոր Մխիթար Պապոյանն ամենաբարձր վարկանիշն ունեցող դատավորներից է։ Հուլիսի 1-ի դրությամբ՝ դատավոր Մխիթար Պապոյանի վարկանիշը 59 միավոր է։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 -154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար ու քննիչը նրան կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացրել։ Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրել է թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Դատախազությունը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին, իսկ պաշտպաններն անդրադարձել են քննչական ենթակայության հարցին՝ նշելով, որ այդ քրեական գործով նախաքննությունը պետք է ընթանա բացառապես ՀՔԾ-ում, ինչպես նաև՝ դատարանից խնդրել են հաստատված համարել նաև հիմնավոր կասկածի բացակայությունը։
Նշենք, որ բողոքները կքննվեն համատեղ։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի նկատմամբ հնարավոր հետապնդումների մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ նա հունիսի 5-ին քննադատեց իշխանությունների հակամաճարակային գործողությունները նշելով, որ այն տապալել են: Գ.Ծառուկյանը նշել էր, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում բարձրացնելով իշխանությունների 100 տոկոսի փոփոխության հարց:Հայտարարությունից հետո մամուլում շրջանառության մեջ դրվեց 1979թ Գագիկ Ծառուկյանին առնչվող խմբակային բռնաբարության գործի մասին նյութերը։
Հունիսի 14-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը վաղ առավոտյան խուզարկություն էր իրականացվել: Նույն օրը նա հրավիրվեց հարցաքննության՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով։Հունիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ-ին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան ազատությունից զրկելու մասին։ Հունիսի 16-ին ԱԺ-ն կողմ է քվեարկեց միջնորդությանը՝ զրկելով

Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրելով նրան ազատազրկել եւ նույն օրը Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառքի գործով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close