Նորություններ

Լուսավոր Հայաստանն ավելի շատ PR քայլ է անում

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը, անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրած Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը, նշեց, որ որևէ քննարկում խմբակցության ներսում դեռևս չի եղել: Ըստ պատգամավորի՝ ամեն դեպքում քվեարկողն ԱԺ-ն է լինելու:

«Ես անձամբ Գոռ Հովհաննիսյանին չեմ ճանաչում, առաջին անգամ նրա մասին լսել եմ, երբ առաջադրվեց որպես նախագահի կողմից ներկայացվող Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու»,- հավելեց պատգամավորը:

Անդրադառնալով նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող ՀՀ կառավարության կառուցվածքի այլընտրանքային տարբերակին՝ Առաքելյանը նշեց, որ դրական է համարում:

«Չեմ պատկերացնում իհարկե՝ որ ֆորմատով պետք է քննարկվի, արդյոք դա լինելու է այլընտրանքային օրենքի նախագիծ, և եթե այո, ապա նրանք հույսները ինչի վրա են դրել, որովհետև այդ ընթացակարգով ակնհայտ է, որ որևէ բան ընդունել հնարավոր չի լինելու»:

«Մի քիչ ավելի շատ փիար քայլ եմ գնահատում, բայց նորից եմ ասում՝ շատ գովելի է այն իմաստով, որ դեմոկրատական նորմալ գործընթաց է, և յուրաքանչյուր ընդդիմադիր խմբակցություն իրավունք ունի և շատ հաճելի է, որ ներկայացնում է իր տեսլականը»,- հավելեց Առաքելյանը:

Back to top button