ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Աստղային երաժշտությունն արդեն հասանելի է համացանցում

«Աստղային հնչյունները» (Starsounds) հետաքրքրաշարժ նախագիծը, որն իրենից ներկայացնում է ստեղծագործություն՝ կազմված աստղերից արձակվող ալիքներից, համադրված  բարդ հարմոնիայով ու տպավորիչ վիզուալ էֆեկտներով,  արդեն հասանելի է համացանցում՝

Ծրագիրը հիմնված է անվանի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի՝ «Մեր ակուստիկ տիեզերքը» և «50 տարի մարդը տիեզերքում» դասախոսությունների վրա։

2005թ. Գարիկ Իսրայելյանը՝ հավաքագրելով աստղերից   արձակվող ուլտրաձայնային հնչյունները,  դրանք միավորել է մի մեծ գրադարանում։ «Սթարմուսն» ու աստղային երաժշտության գրադարանը ոգեշնչել են բազմաթիվ ստեղծագործողների։ Արդյունքում՝ այսօր մենք ունկնդիրն են դարձել աստղերի դյութիչ հնչյունների։

«Աստղային հնչյունները» (“Starsounds”) «Սթարմուս» (“STARMUS” —  Stars and Music), գիտության ու արվեստի միջազգային ամենամյա փառատոնի նախագծերից է, որն անց է կացվում Գարիկ Իսրայելյանի և հանրաճանաչ Քվին (Queen) խմբի գիթառահար Բրայան Մեյի նախաձեռնությամբ՝ տիեզերագիտությունը մեկտեղելով երաժշտության հետ։

Աստղային երաժշտությունը գործիքավորել է Բրայան Մեյը։ Հանրաճանաչ երաժիշտը Իսրայելյանի գրադարանի ակուստիկ ալիքները նոր հարթության վրա է դրել՝ արագացնելով դրանք մարդու ականջին  լսելի մակարդակի։ Այնուհետև՝ DNEG համաշխարհային ճանաչում ունեցող վիզուալ էֆեկտների ստուդիան, աստղային երաժշտությունը համակցել է աստղային ալիքների և Արեգակի սկավառակի պատկերներով։

2021թ.-ին «Սթարմուս» (“STARMUS”) փառատոնը հյուրընկալվելու և անց է կացվելու Հայաստանում:

«Սթարմուսի» (“STARMUS” —  Stars and Music) մասին

Գիտության ու արվեստի միջազգային ամենամյա փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների՝ նպատակ ունենալով ոգեշնչել և կրթել հետազոտողների նոր սերնդի:

STARMUS-ի խորհրդի անդամներ են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, Queen ռոք խմբի անդամ Բրայան Մեյը, աշխարհահռչակ գիտնական Էմանուել Շարպանտյեն, աստղաֆիզիկոսներ Ջիլ Թարտերն ու Ռոբերտ Ուիլյամսը, երաժիշտ Փիթեր Գեբրիելը, փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գիտության ու արվեստի ոլորտների այլ հեղինակավոր ներկայացուցիչներ:

Փառատոնի մասին մանրամասներ կարելի է գտնել www.starmus.com կայքում:

Back to top button
Close