Նորություններ

«Ամենատպավորիչ հիշողությունը կապված է մեկուսացվածներից մեկի ծննդյան տարեդարձի հետ»

Արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգը բազմապրոֆիլային մասնակցություն է ցուցաբերում կորոնավիրուս անունը կրող համավարակի դեմ պայքարում։ Բժիշկներն աշխատում են 24/7 արտակարգ ռեժիմով։

ԵՊԲՀ ուսանողներից շատերը  ամիսներ շարունակ տանը չեն եղել, նրանք «զինվորագրվել» են, ավագ գործընկերների հետ առաջնագծում են։

Վահե Հարությունյանը  հանրային առողջության մասնագետ է, այժմ սովորում է ԵՊԲՀ սրտաբանության կլինիկական օրդինատուրայի 1-ին կուրսում:

Վահեն ևս միացել է կամավորական աշխատանքներին։

«Կարդալով Ազգային բժշկական պալատի հայտարարությունը՝ որոշեցի լրացնել կամավորության հայտը, և հենց հաջորդ օրն ինձ հրավիրեցին, ու ամեն ինչ  սկսվեց: Հատուկ կարանտինային վայրերում կամավորական աշխատանքս տևեց 90 օր: Մեծ ցանկություն ունեի մասնագիտական գիտելիքներս ծառայեցնել ի նպաստ հայրենիքիս ու ժողովրդիս։

Ընտանիքիս անդամների արձագանքը սկզբում բացասական էր, սակայն երկար խոսակցությունից հետո այն վերափոխվեց չեզոքի, քանի որ բոլորն էլ գիտակցում էին, որ բժիշկ եմ, և դա ինչ-որ առումով նաև իմ մասնագիտական պարտքն է:

Իսկ վտանգավորության առումով անհանգստանալու առիթ չկար, քանի որ ապահովված էինք պաշտպանիչ հագուստով, պարագաներով և համակարգված կերպով իրականացնում էինք ախտահանման աշխատանքներ, պահպանում էինք հակահամաճարակային կանոնները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է կամավոր-ուսանողը։

Նրա խոսքերով՝ բժիշկն էլ ապահովագրված չէ վարակվելուց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, անգամ մի վայրկյան անուշադրությունը կարող է ճակատագրական  լինել։ Կանոնակարգված աշխատանքն ու կոնտակտավորների, դրական պատասխան հաստատված  պացիենտների հետ շփումները նվազագույնի հասցնելը (այնքանով, որքանով դա հնարավոր է) տալիս են իրենց արդյունքը»,- ասում է Վահե Հարությունյանը։

Ասում է՝ 9 անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնել, բոլորն էլ բացասական։

Կամավորը պատմում է, որ այս օրերի բարդություններին զուգահեռ եղել են հաճելի պահեր։

«Երևի թե ամենաբարդ, բայց միևնույն ժամանակ ամենահաճելի աշխատանքը փոքրիկ երեխաներ ունեցող կոնտակտավորների հետ էր: 14 օր սենյակի 4 պատեր, սենյակից դուրս գալու անհնարինություն:

Նույնիսկ չափահասներն էին դժվարությամբ համակերպվում, ուր մնաց փոքրերը: Մենք էլ փորձում էինք երեխաների համար անակնկալներ պատրաստել. գրքերի, խաղալիքների, գրենական պիտույքների և այլնի տեսքով: Ինչպես նաև, եթե ունենում էինք տարեդարձներ, այդ օրը տոնի էինք վերածում փոքրիկի համար»,- պատմում է Վահեն։

Կամավորի խոսքով՝ կամավորության ընթացքում ամենադժվարը ընտանիքից, մտերիմներից, ընկերներից հեռու լինելն էր: Կապը պահում էի միայն հեռախոսազանգերի, տեսազանգերի օգնությամբ։

«Թեստի պատասխաները հայտնելու օրերը  ամենալավ, ամենաուրախ, միևնույն ժամանակ ամենածանր ու լարված էին: Բացասական պատասխանով մեր հայրենակիցների ուրախությունը բոլորինս էր։ Տեսնել րոպե առաջ մեկուսարանից դուրս գալու ցանկությամբ աչքերն ու չհուզվել, կարծում եմ, անկարելի է: Իսկ կորոնադրական մեկուսացվածների մեծ մասը, քանի որ չունեին կլինիկական ոչ մի դրսևորում, սկզբում թերահավատությամբ էին վերաբերվում պատասխանին: Այդժամ փորձում էինք անհատական զրույցների միջոցով, հավաստիացումներով հանգստացնել նրանց ու դուրս բերել սթրեսային վիճակից: Չէ որ կորոնավիրուսը դատավճիռ չէ, այլ ընդամենը էտապ, որ պետք է հաղթահարել»,- պատմում է ԵՊԲՀ ուսանողը։

Նրա խոսքերով՝ մեկուսացվածներից շատերի հետ այժմ էլ պահում եմ ընկերական ջերմ հարաբերություններ: Ընդգծելով, որ բժիշկ-պացիենտ հարաբերություններում ամենակարևորը փոխադարձ վստահությունն է և հարգանքը:

«90-օրյա կամավորությունից հետո ցանկանում եմ մի փոքր հանգստանալ, վերականգնել ուժերս ու նորից շարունակել կիսատ թողած գործս. այս անգամ արդեն հիվանդանոցային օղակում աշխատանքային ձևաչափով: Իհարկե եղել են մեկուսացվածներ (քիչ թվով), որոնք դժգոհել են՝  սննդից, պայմաններից, անձնակազմից: Բոլորին էլ փորձել ենք հասկանալ և հնարավորության սահմաններում լուծել բոլոր խնդիրները, այնպես որ առավելագույնս բավարարենք նրանց, չխախտելով օրենքը և կարանտինային կանոնները: Բոլոր մեծուփոքր դժվարությունները, խոչընդոտները  հաղթահարելիս ինձ ուժ են տալիս ընտանիքիս անդամները և ընկերներս»,- ընդգծում է Վահե Հարությունյանը։

ԵՊԲՀ կամավոր-ուսանողը նշում է, որ կամավորության ընթացքում  ամենատպավորիչ հիշողությունը կապված է մեկուսացվածներից մեկի ծննդյան տարեդարձի հետ, երբ ամբողջ թիմով անակնկալ են արել. տորթով, մոմերով, ավանդական Happy birthday երգելով. «Մեզնից սկսվեց այդ ավանդույթը, տարածվեց մյուս մեկուսարաններում ու աշխարհում»,- եզրափակեց Վահե Հարությունյանը։

Վահե Հարությունյանը կամավորական աշխատանքներին մասնակցության համար բուժաշխատողի օրը՝ հունիսի 21-ին, Առողջապահության նախարարի կողմից ստացել է պատվոգիր։

Back to top button
Close