Նորություններ

«Հայրս կատակով ասում է՝ երկու էրեխեքիս էլ ուղարկել եմ բանակ»

Ինգա Նավասարդյանը ապագա բժիշկ է, սովորում է ԵՊԲՀ 5-րդ կուրսում։ Արդեն 3 ամիս է միացել է կամավորական աշխատանքներին, երկրում արտակարգ դրության հաստատումից հետո սոցցանցում տեսել է հայտարարություններ, որ անհրաժեշտ են կամավորներ, ովքեր կզբաղվեն COVID 19-ով վարակված պացիենտների խնամքով։

Ինգան պատմում է՝ մի քանի հայտ լրացրել է, որպեսզի միանա կամավորական աշխատանքներին, զանգել են Ազգային բժշկական պալատից և ասել, որ կարող է գալ և միանալ կամավորական աշխատանքներին։

Սկզբում Ծաղկաձորի մեկուսարաններում պետք է աշխատեր, բայց որոշվել է, որ աշխատանքը պիտի սկսի Երևանի մեկուսարաններից մեկում։

Ինգան ընկերուհու հետ է որոշել, և միասին էլ ներգրավվել են կամավորական գործունեության մեջ։

Խոստովանում է, որ սիրում է մարդկանց օգնել և դրանից իրեն լավ է զգում։

«Կամավորական առօրյան հիանալի է եղել։ Այս ամիսներն անցել են շատ արագ։ Ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ, բացի դրանից՝ մեկուսացվածների հետ ենք ընկերացել։ Կապը պահպանվում է, զանգում են և արդեն իրենք են մեզ հարցնում՝ ո՞նց եք։

Ըստ սկզբնական պայմանավորվածության՝ պետք է 14 օր մնայինք կամավոր, 13-րդ օրը մեզ թեստավորում էին, որ մենք գայինք և մեզ փոխարինեին ուրիշ կամավորներ։

Մենք չէինք ուզում հետ գալ և մինչև հիմա այստեղ ենք։

Սկզբում ամեն րոպե ծնողներս զանգում էին, ասում, որ զգույշ լինեմ։ Տեսազանգով նրանց ցույց էի տալիս, որ ախտահանվում եմ։ Ասում եմ՝ տեսեք՝ այսքան սպիրտ եմ լցնում ինձ վրա, ես ապահով եմ։ Սկզբում շատ ծանր էր կարոտը հաղթահարելու պահը, բայց քիչ-քիչ ադապտացվեցի։ Օրեր են եղել՝ 22 ժամ աշխատել ենք՝ առանց ընդմիջման և հանգստանալու։

Այստեղ մթնոլորտը ջերմ է, օրը լցնում ենք և հաղթահարում հոգնածությունը։ Կարոտը տեսազանգով եմ հաղթահարում, ինձ համոզում եմ, որ ծնողներս իմ կողքին են, ուղղակի մի քիչ հեռու, ես մեծ աղջիկ եմ ու պիտի դիմանամ։ Ես միշտ սովոր եմ եղել, որ միշտ պետք է ծնողներիս հետ լինեմ, իմ առօրյան միշտ իրենց հետ է եղել։ Չեմ հիշում այդպիսի դեպք, որ այսքան ժամանակ իրենցից հեռու լինեմ։

Դժվարն այն է, որ օրեր են լինում, որ անգամ մեկ րոպե ժամանակ չի լինում իրենց հետ խոսելու համար»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է կամավոր-ուսանողը։

Ինգայի որոշման հետ մայրը համաձայն չի եղել, ընտանիքում էլ վատ են տրամադրված եղել աղջկա բժիշկ դառնալու որոշման հետ:

«Որոշումներս ես եմ միշտ կայացրել. ինչպես բժշկական ընդունվելու ժամանակ էր, այնպես էլ կամավորական աշխատանքներին մասնակցելու դեպքում։ Իրերս հավաքեցի և ասացի, որ ես գնում եմ կամավորության։

Եթե ես չգնամ ու մտածեմ, որ ռիսկային գոտի է, ապա ինձ նման քանիսը կմտածեն այդպես և չեն գնա։

Սա նույնպես պատերազմ է, հիմա առողջապահական համակարգն է պայքարում, և ինչպե՞ս կարող է զինվորը չմասնակցել այդ պայքարին։

Մայրս ծանր էր տանում, ասում էր՝ մի՛ գնա, քեզ պետք չէ։ Հայրիկիս զանգեցի ասացի, որ, մի խոսքով, գնում եմ. ասաց՝ դե որ դու արդեն որոշել ես, ինչո՞ւ ես հարցնում, գնում ես, գնա։

Հայրս կատակով ասում է՝ երկու էրեխեքիս էլ ուղարկել եմ բանակ։ Եղբայրս հայոց բանակում է ծառայում, ես  ծառայում եմ այստեղ»,- ասում է կամավորը։

Նրա համար համավարակի դեմ պայքարում ամենաբարդն այն է, երբ իր նման ներսուդուրս անող մարդը փակի տակ է, և այն, որ թեստը հանձնելուց մտածում է, որ հնարավոր է վարակված լինի և ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի սխալի պատճառով կարող է ամբողջ թիմը տուժել։

«Ամենաշատը կարոտել եմ կյանքի ռիթմին։ Երբեք չեմ ասել, բայց հիմա կասեմ՝ կարոտել եմ առավոտյան շուտ արթնանալը, դասի գնալն ու քննություններին պատրաստվելը։ Անչափ կարոտել եմ ընկերներիս հետ ուղղակի դրսում քայլելուն։ Մտածում եմ՝ ե՞րբ է գալու այդ օրը»:

Ինգայի խոսքերով՝ այս ամենը ապագա բժշկի համար կյանքի մեծ փորձ է, որովհետև կամավոր լինելով հանդերձ կայացնում ես որոշումներ, որոնք կարող են պացիենտի կյանքի վրա ազդեցություն ունենալ։

«Ես այստեղ մեծացա, հասկացա, որ կյանքն այդքան էլ վառ չէ։ Հասկացա, որ վիրուսն էլ է պայքար, և այդ պայքարում պիտի մեծ լինես։ Տարբեր մարդկանց հետ եմ առնչվել։

Շատ անշնորհակալ մարդիկ են եղել այս ընթացքում, որ ինչքան էլ ուզեցել ես բացատրել, հասկացնել, որ COVID-19-ը սուտ չէ, հորինված չէ, իրենք էլի չեն հավատացել։ Անգամ առավոտյան իրենց հաց տալն ու ժպիտով բարևելը վատ են ընդունել։ Մի բառ էր իրենցից հասնում՝ շնորհակալություն… չէին ասում։

Խուճապի մեջ չեն, ուղղակի մարդկանց գիտակցության մեջ պետք է մտնի, որ կա վիրուսը և հորինված չէ, ու այս վիրուսը մահաբեր է, շատերի կյանքն է խլել։

Եթե մի ժամանակ մտածում էին, որ բարձր տարիքային խումբն է ռիսկայինը, և եթե ուղեկցող հիվանդություններ չունեն, ապա վիրուսն  ուղղակի կողքից անցնում է, հիմա այլ է։ Լինում են դեպքեր, երբ երիտասարդները, ովքեր չունեն ուղեկցող հիվանդություններ, այս վիրուսն իրենց վրա վատ է ազդում, և իրենց փրկելը մի քիչ դժվար է լինում։

Բոլորը մտածում են, որ վիրուսն իրենց չի հասնելու, բայց տեսնելով վարակի կայծակնային արագությամբ տարածվելը, պիտի մտածեն, որ ոչ թե վարակը կհասնի իրենց, այլ արդեն հասել է»:

Ինգա Նավասարդյանը ասում է, որ համավարակից հետո շատ բան ունի հիշելու։

«Տղաները, որ գնում են բանակ, 2 տարի ծառայում են, գալիս են, տասը տարվա պատմություն են պատմում. լրիվ այդ դեպքն է։ Երեք ամիս ենք այստեղ, երևի 3-4 տարվա պատմություն կա պատմելու համավարակի հետ կապված»,- եզրափակեց կամավորը։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close