Նորություններ

«Պարզապես իշխանությունն այլ միջոցներ չունի և գնում է վերջին քայլի». Հ. Բաղդասարյան

«Եթե երկու տարի առաջ իրականացվեր նմանատիպ գործողություն, գուցե որևէ մեկը չհակադրվեր դրա հետ։ Մենք այն ժամանակ ասել ենք, որ կարելի էր օրենքի ուժով բոլոր դատավորների գործունեությունը դադարեցնել և ամեն ինչ զրոյից սկսել, այդ թվում իրականացնել նաև վեթինգ։

Հնարավոր չէ Սահմանադրությունը պահպանելով, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելով իրականացնել արդարադատություն, որը հակասում է Սահմանադրության այսօրվա գործող նորմերին։

Եթե սահմանադրական օրենքը, օրենքի տեսակետից Սահմանադրության փոփոխությունները նույնպես օրենք են, չեն ստորագրվում նախագահի կողմից, ապա ԱԺ-ին այդ լիազորությունները տալը նշանակում է Ազգային ժողովի կողմից իրեն տրված իրավասությունների ուզուրպացում։ Այսինքն օրենսդիր մարմինն իրեն վերապահում է ավելի շատ իրավասություն, քան թե, ըստ էության, պետք է ունենար»:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հարություն Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից ընդունված «Սահմանադրական բարեփոխումների» օրենքի նախագծին։

«Ազգային ժողովն իրավունք ուներ իրեն վերապահել լիազորություններ, առանց նախագահի ստորագրության ընդունել Սահմանադրության փոփոխություն։

Եթե Ազգային ժողովն իրեն վերապահում է նման լիազորություն, այսինքն, եթե չի դիտում շահերի բախում, ապա այս դեպքում պետք է տեսականորեն գործն ուղարկեր ՍԴ, որովհետև այս նույն պարագայում ՍԴ-ն այն մարմինն է, որը քննելու է սահմանադրական մարմինների միջև հակասությունները։ Այս առումով ՍԴ չդիմելն արդեն իսկ նշանակում է, որ լիազորությունների գերազանցում է, և հեռու չէ այն օրը, որ որոշ մարդիկ պատասխանատվություն կկրեն այս ամենի համար։

Ինչո՞ւ են կրելու պատասխանատվություն, որովհետև չնայած այն հանգամանքին, որ պատգամավորներն ազատ են իրենց կամքը արտահայտելու համար, բայց այդ նույն պատգամավորներին հարց ենք տալու՝ ինչպե՞ս են պատկերացրել այդ օրենքի գոյությունը։

Եթե չկարողացան մեկնաբանել, դա նշանակում է, որ իրականացրել են որոշակի անձանց կամ անձի ասածը»,- նշեց Բաղդասարյանը։

Իշխանություններն ի՞նչ ակնկալիք ունեն, ընդհանրապես, ինչո՞ւ են ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել ՍԴ-ում արմատական փոփոխություններ անելու գործընթացին:

Հարցին փաստաբանն արձագանքեց. «Ընդհանրապես այս պահի դրությամբ ՍԴ-ն որևէ կերպ խոչընդոտ չէ երկրի կառավարության համար՝ տնտեսական կամ արտաքին քաղաքական գործունեություն ծավալելու համար։

Սրանք ընդամենը ամբիցիաներ են։ ՍԴ նկատմամբ գործողությունները պարզ ենթադրում են, որ հակադրվում են Եվրոպայի, ԵՄ, ԵԽ հետ։ Սահմանադրական արդարադատությունը վերջին հաշվով տուժելու է։ Իմ կարծիքով՝ Հայաստանում չպետք է լիներ Սահմանադրական արդարադատություն։ Հայաստանի Սահմանադրական դատարանը պետք է լիներ Գերագույն դատարանի (Վճռաբեկ դատարան + Սահմանադրական դատարան) մի մասնիկը։ Գերագույն դատարանի մի պալատը՝ վարչական և սահմանադրական գործերով պալատը, քննելու էր այս հարցը։

Սա մենք ասել ենք Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, երբ սահմանադրական փոփոխություններ էլ չկար։ ՍԴ դատավորներին այս ձևով աշխատանքից ազատելը նշանակում է այս պահի դրությամբ ՍԴ-ն ոչ միայն թուլացնել, այլ նաև կազմաքանդել։ Տեսականորեն, եթե 3 դատավորներ չեն աշխատելու, և 1 դատավոր էլ աշխատանքի չգա, ուրեմն դա նշանակում է, որ սահմանադրական արդարադատությունը, որպես այդպիսին, տեղի չի ունեցել»,- ավելացրեց Հարություն Բաղդասարյանը։

Նրա խոսքերով՝ երկիրն այս առումով կանգնած է լուրջ տնտեսական, քաղաքական խնդիրների առաջ: «Պարզ երևում է, որ ՀՀ կառավարությունն ի վիճակի չէ լուծելու այդ խնդիրները, դրա համար էլ ժամերով խոսում է 8-րդական հարցերի վերաբերյալ։ Երկրի տնտեսության, առողջապահության, սոցիալական վիճակի, ինչպես նաև արտաքին քաղաքական հարցերը թողնվել են բարձիթողի, որովհետև Հայաստանը վերջին հաշվով այն երկիրն է, որտեղ թե՛ իշխանությունն է ռուսական, թե՛ ընդդիմությունն է ռուսամետ։

Այս առումով Հայաստանում ոչինչ չի փոխվի, քանի դեռ այդ գաղութացված լծից Հայաստանը դուրս չի եկել։

Կապ չունի իշխանավորի անունը, կապ ունի, որ Հայաստանի իշխանավորը նշանակվում է Կրեմլի կողմից»,- ընդգծեց փաստաբանը։

Անդրադառնալով ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի արտահայտած մտքին, որ թնդանոթով փորձում են կրակել ճնճղուկի վրա, Հարություն Բաղդասարյանն ընդգծեց. «Իշխանությունն օգտագործում է այն ռեսուրսը, որն ունի։ Իշխանությունը «թնդանոթ» չունի և այն աստիճանի է թույլ, որ նրա «թնդանոթն» ավելի թույլ է, քան հրացանի կրակոցը։

Ես համամիտ չեմ այդ մտքի հետ, թե իշխանությունն ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել է Հրայր Թովմասյանի դեմ։ Պարզապես իշխանությունն այլ միջոցներ չունի և գնում է վերջին քայլի. սա, այսպես ասած, կոչվում է հոգեվարք։

Այսօր իշխանությունը չունի այդ «Մատյան գունդը», որ հանի ինչ-որ մեկի դեմ, և սպառել է ինքն իրեն։

Իշխանությունը հույսեր ուներ, որ իր ռեսուրսը ժողովուրդն է, բայց մենք կարողացանք ցույց տալ, որ ժողովուրդը ռեսուրս կլինի այն դեպքում, եթե ժողովուրդը լիներ իրավաբանական կատեգորիա, այսինքն՝ իրավունքի և պարտականության կրող լիներ։ Ըստ էության, ժողովրդին հանեց դուրս, և ժողովուրդը դադարեց իրավական սուբյեկտ լինելուց, և այդ ռեսուրսն էլ վերացավ»,- եզրափակեց փաստաբանը։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close