Մեկնաբանություն

Ինչո՞ւ է ԱՄՆ-ում շրջանառվում չեչեն ահաբեկչի ընկեր մուսուլման հայի ռուսական անունը

Պարզվում է՝ ահաբեկչությունից, դրա հետևանքներից ու արձագանքներից զգուշանալու խնդիր ունեն ոչ միայն ԱՄՆ-ում բնակվող և ահաբեկչության վախը սրտներում ապրող քաղաքացիները, ոչ միայն արմատական իսլամիստների նշանառության տակ հայտնված մյուս երկրների ու երկրամասերի բնակիչները, այլև «գերտերությունների ձեռքին նայող» մեծ ու փոքր այն պետությունները, որոնք ակամայից կարող են հայտնվել քաղաքական մրցուղու անհարմար ու անսպասելի հատվածում: Երբ Սպիտակ Տունը, Կրեմլը կամ, ասենք, Վեսթմինսթերյան պալատն ու Բունդեսթագը «վստահելի» ապացույցներ են ունենում, դա արդեն վատ նախանշան է: Օրինակ` Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման, Իրանի միջուկային փորձարկումների, Եմենի ջիհադիստական կենտրոնների բացահայտման դեպքերում, և այդպես շարունակ: Բարեբախտաբար, իսլամական աշխարհի լիարժեք անդամ դարձած «հայազգի Միշան» «վստահելի» ապացույցներ ձեռք բերելու հնարավորություն չի թողել Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի մասնագետներին և մյուս հատուկ ծառայություններին:

Իսկ ԱՄՆ-ում դեռ փնտրում են այն մոտիվները, որոնցով առաջնորդվել են բոստոնյան ահաբեկիչները` Թամերլան և Ջոհար Ցարնաևները: Ըստ Frankfurter Allgemeine պարբերականի, սպանված ահաբեկչի հարազատները պնդում են, որ Թամերլանի վրա մեծ ազդեցություն է գործել ոմն հայազգի 35-ամյա տղամարդ՝ Միշա անունով: Իսլամ ընդունած, ռուսական անուն կրող անհայտ Միշան իբր համոզել է երիտասարդ չեչենին` թողնել երաժշտությամբ զբաղվելը, այնուհետ նրան գրավել է դավադրությունների տարբեր տեսություններով և վարակել է արմատական իսլամի թեզիսներով:

Հեղինակը գրում է, որ Թամերլանը Միշայի հետ ծանոթացել է դեռևս 2007թ.-ին` Բոստոնի իսլամական միության մզկիթում: Հաղորդվում է, որ Միշան պարբերաբար այցելել է Ցարնաևին, և նրանց տանը Ղուրան են ուսումնասիրել: Այս պահին խորհրդավոր Միշայի և նրա գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ: Ղուրանի երկրպագու հայազգի երիտասարդի անվան շրջանառությունն այն շրջանում, երբ ամբողջ աշխարհում ընթանում էին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններ և թուրքական ժխտողականությունը դատապարտող ակցիաներ, լոկ պատահականություն լինելուց հեռու է: Իսկ փաստ լինել ուղղակի չի կարող, քանի որ այդ «ճաղատ, շիկամորուս երիտասարդին» դեռ ոչ ոք չի տեսել, առավել ևս, նրա հայկական ծագման գենետիկ թեստ ոչ ոք չի անցկացրել: Այսպիսով, ինչպես գրում է գերմանական հանդեսը, խորհրդավոր Միշան դարձել է ահաբեկիչ եղբայրների կյանքի խճանկարի մի մասնիկ, որին փորձում են հայտնաբերել ամերիկյան հատուկ ծառայությունները և լրատվամիջոցները:

«Վերջին տարիներին ամերիկյան դատարանի առջև են կանգնել Բոստոնի իսլամական միության մզկիթի առնվազն 2 այցելու, և 2-ն էլ մեղադրվել են ահաբեկչական գործողության նախապատրաստման մեջ: Նրանցից մեկը՝ միության հիմնադիր, ծագումով էրիտրեացի Աբդուլռահման Ալամուդին, դատապարտվել է 23 տարվա ազատազրկման` ահաբեկիչներին աջակցելու համար»,- նշվում է տեղեկատվության մեջ: Ի դեպ, Էրիտրեան էկզոտիկ աֆրիկյան պետություն է, որն իր անկախությունը հռչակել է 1993թ. մայիսին: Էրիտրեան երկարատև պատերազմից հետո առանձնացել է Եթովպիայի իսլամականացված հարավային հատվածից: Այսինքն, նույն այդ «դժվարահունչ» Աբդուլռահման Ալամուդին քրիստոնեական` հյուսիսային շրջանից է: Հենց նրա շնորհիվ էլ փոքրիկ ու աննշան Էրիտրեան հայտնվեց «վստահելի» ապացույցներ ներկայացնող պետությունների հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում:

Ի դեպ, ԱՄՆ ՀԴԲ-ի գործակալներին հաջողվել է պարզել, որ Բոստոնի ահաբեկչությունից մի քանի ամիս առաջ չեչեն Թամերլանը Նյու-Հեմփշիրի խանութներից մեկում գնել է հրավառության համար նախատեսված 400 դոլար արժողությամբ 2 գերհզոր սարքավորում, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 700 գրամ վառոդ, սակայն տվյալ խանութի սեփականատիրոջ խոսքերով՝ դա բավարար չէ ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստելու համար: Հակասություններն այս գործում շատ են: Ահաբեկչի մայրը` Զուբեյդաթ Ցարնաևան, հայտնել է, որ ավագ որդին` Թամերլան Ցարնաևը, կենդանի է եղել, երբ նրան ոստիկանությունը ձերբակալել է: Նա նշել է, թե տեսագրություններ ունեն, որ ավագ որդին ձերբակալությունից հետո դեռ կենդանի է: Այնուհետ, սակայն, հրապարակված լուսանկարներում Թամերլանը պառկած է անկենդան`այրվածքներով և ծակած-կտրած խոշոր վերքերով:

Ամերիկյան նախկին դիվանագետ Ջոն Փրայսը The Washington Times-ում հրապարակած հոդվածում գրում է, որ ծայրահեղական իսլամի ազդեցությունը զգալիորեն աճել է աշխարհում: Ծայրահեղական իսլամի «կնքահայրերից» է ԱՄՆ հիմնական դաշնակից Սաուդյան Արաբիան: Երկիրը ֆինանսավորում է ամբողջ աշխարհում շուրջ 4000 մզկիթների, մեդրեսների կառուցման աշխատանքները. շուրջ 2000-ը՝ ԱՄՆ-ում: Այստեղ են «վերապատրաստման դասընթացներ» անցկացնում լեռնային և հետամնաց «ռայոններից» եկած ահաբեկիչների համար: Բայց, արի ու տես, որ բնական ռեսուրսներով հարուստ արաբական այս երկրին «կատվի խաղ, մկան մահ» վտանգը չի սպառնում: Իսկ Սոմալին, Եմենը և մի քանի այլ պետություններ «ջիհադիստների կենտրոն» կոչումին են արժանացել և հայտնվել ԱՄՆ հատուկ ծառայությունների սև ցուցակում:

Իսկ ո՞վ է Միշան՝ չեչեն ահաբեկիչների խորհրդատու մուսուլման այդ հայը, որի մասին գիտեն բոլորը, բայց ոչ ոք նրան չի տեսել:  Այս հարցը տալիս են The Wall Street Journal, Time, Le Figaro և աշխարհով մեկ սփռված հեղինակավոր շատ այլ լրատվամիջոցներ: Կարծում եմայդ հարցն առաջացել է թուրք-ադրբեջանական հակաքարոզչական կոալիցիայի ջանքերով: Հակազդող ի՞նչ քայլերի են դիմելու Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունները: Եթե անկարող է հակազդել հայտարարությունների տեսքով, նավթի, գազի պաշարներով, աշխարհաքաղաքական բնույթի շահավետ առաջարկներով, ապա գոնե անհրաժեշտ է գործի դնել այն ազդեցիկ մինիմալը, որից մենք հարուստ ենք` հանձինս հայկական լոբբիի, թեև վերջինս շատ-շատ անելիք ունի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին:

 

 

                                     Էդուարդ Մխիթարյան

Back to top button