Նորություններ

«Համավարակից հետո ամենաշատը կհիշեմ մարդկանց արցունքները թեստի դրական պատասխանը ստանալուց հետո». կորոնավիրուսից բուժված ուսանող կամավորի պատմությունը

Արսեն Հարությունյանը ԵՊԲՀ 4-րդ կուրսի ուսանող է։ Ապրիլ ամսից կամավորագրվել է համավարակի դեմ պայքարի գործին։

Համավարակի առաջին իսկ օրից փորձել է ներգրավվել կամավորական աշխատանքներին։ Մի քանի անգամ դիմել է առողջապահության նախարարություն, հայտ է լրացրել։ Աշխատանքը սկսել է «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ ինֆեկցիոն մասնաճյուղում, այս պահին նաև «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում է։

Արսեն Հարությունյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմել է կամավորական աշխատանքի կարևորության և COVID 19-ի դեմ պայքարի մասին։

«Բուժելու ընթացքում վարակվել եմ կորոնավիրուսով: Առողջացել եմ, այնուհետ մասնակցել եմ կամավորական աշխատանքներին։

Ես որոշեցի կամավորությամբ զբաղվել, որովհետև շատ մարդիկ օգնության կարիք ունեն, և քիչ են այն մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց առողջությունը 50/50-ի տակ դնելով՝ մասնակցել  այդ աշխատանքներին։ Երբ տեսնում ես, որ մարդիկ քո օգնության կարիքն ունեն, ես չէի կարող ձեռքերս ծալած նստել, այն դեպքում, երբ կարող եմ մի փոքր բանով օգտակար լինել իրենց։

Առաջին իսկ օրից մտածել եմ, որ կարող է մի օր բուժողի կարգավիճակից տեղափոխվեմ բուժվողի կարգավիճակի։

Զգացողություններս չեմ կարող բացատրել: Կար հոգնածություն, ուզում էի հանգստանալ, բայց հանգստի համար լավագույն տարբերակը չէր վարակված լինելու պատճառով որոշ ժամանակ աշխատանքներին չմասնակցելը։

Գիտակցում ես, որ դու վիրուսակիր ես և կարող ես մարդկանց վարակել. դա առաջին բանն է, որ քեզ պետք է հետ պահի այն բանից, որն ամենաշատն ես ուզում անել և որը ամենից շատն ես սիրում։ Ոչ ոք ապահովագրված չէ կարգավիճակի այսպիսի փոփոխություններից։

Ես կարգավիճակիս փոփոխությունը հեշտ տարա։ Այս ամբողջ ընթացքում սպասում էի այն օրվան, երբ պիտի ստանայի թեստիս բացասական պատասխանը, որպեսզի վերադառնայի իմ նախկին կարգավիճակին։ Մոտիվացիան, մարդկանց օգնելու ցանկությունը ավելի ուժեղ են, քան հոգնածության զգացողությունը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է կամավոր- ուսանողը։

Արսեն Հարությունյանի կարծիքով՝ ամենաբարդը մարդկանց հիվանդ վիճակում տեսնելն է. «Ամենաբարդն այն զգացողությունն է, երբ դու տեսնում ես, որ մարդկանց բնականոն կյանքն ընդհատվել է, անընդհատ մարդկային դրամաների ականատեսն ես լինում։

Տեսնում ես դեպքեր, երբ հիվանդանոցից բավականին մեծ հեռավորության վրա գտնվող պացիենտի հարազատները փորձում են թեկուզ պատուհանի միջոցով իրենց հարազատի հետ հաղորդակցվել, ու ամենաբարդը՝ մահացածների հարազատների հոգեվիճակը տեսնելն է»,- պատմում է ապագա բժիշկը։

Արսենն այս օրերին ամենաշատը ազատ կյանքն ու շփումներն է կարոտել։ Ասում է, որ կարոտը հաղթահարելու միջոց կար, և մի ուժ մղում է, որ անես այնպես, որ մարդիկ օր առաջ հասնեն իրենց սիրելի մարդկանց։

Խոստովանում է՝ դրանով նաև մխիթարվում է քո և մյուսների կարոտը։

Կամավոր-ուսանողն ընդգծում է, որ պայքարում տրամադրվածությունը միշտ մարտական է եղել. «Մենք այս մարտի ժամանակ պայքարում ենք պացիենտների առողջության, որոշ դեպքերում էլ հենց կյանքի համար։

Մեր պայքարի մյուս կողմում կանգնած է մի առերևույթ թշնամի, որին հնարավոր չէ տեսնել։ Հիվանդանոցում մարդիկ առնչվել են վիրուսի հետ, և թերահավատություն չկա՝ կապված կորոնավիրուսի հետ։ Այս պարագայում ավելի շատ թերահավատությունը երիտասարդ բուժանձնակազմի հանդեպ է։

Շատերը կարծում են՝ երիտասարդ լինելով չես կարող անել այն, ինչը քեզնից պահանջվում է։ Ինձ թվում է, որ փորձը ցույց է տալիս, որ ամենակարևորը կատարածդ աշխատանքում՝ տրամադրված լինելն է։ Պացիենտներից յուրաքանչյուրի թերահավատությունը վերանում է այն դեպքում, երբ իրենք հասնում են այն օրվան, երբ առողջացած վերադառնում են տուն»,- ասում է նա։

«Մենք ստիպված եղանք և առ այսօր ստիպված ենք դադարեցնել մեր շփումները մեր հարազատների հետ։ Ստիպված ենք ամեն քայլափոխի  զգույշ լինել՝ չվտանգելով մեր և ուրիշների կյանքը։

Տուժեց մեր ուսումնական ընթացքը։ Բայց յուրաքանչյուր բացասականի մեջ կարելի է լավ բան գտնել։

Այս ընթացքում ժամանակի և պահի թելադրանքով փորձ ձեռք բերեցի պացիենտների հետ շփվելու, բժշկական գիտելիքները թարմացնելու և օգտագործելու համար։ Հեռավորությունը, ժամանակն ու տարածությունն ստիպեցին գնահատել ամեն ինչ. ինչքան ես սիրում մարդկանց, ինչքան ես սիրում հարազատներիդ՝ նրանցից հեռու մնալով»,- ասում է Արսենը։

Ըստ նրա՝ բուժման ընթացքը հիվանդների մեծ թվաքանակն է բարդացնում։

Ասում է, որ համավարակից հետո ամենաշատը կհիշի մարդկանց արցունքները հիվանդանոց տեղափոխվելուց և թեստի դրական պատասխանն ստանալուց հետո, առողջացածների արցունքները և ամենացավալի արցունքները՝ մահացածների հարազատների արցունքները։

«Գուցե և կհիշեմ բժիշկ Արսեն Հարությունյանի մարտական մկրտությունը, որը եղավ այս պայմաններում COVID 19-ի ընթացքում։

Չեմ ուզում մարդկանց ասել այն, ինչի մասին միշտ լսում են։ Չեմ ուզում խոսել ցուցումների մասին, արդեն դրա մասին հազար անգամ ասվել է։ Ուղղակի կուզեի, որ մարդիկ թերահավատորեն չմոտենան այն բանին, ինչը մարդկանց դրամաների հետևանք կարող է լինել։

Մարդիկ թող արժևորեն իրենց կյանքը, արժևորեն այն, ինչը արվում է իրենց առողջության համար»,- ասում է Արսեն Հարությունյանը։

Ըստ նրա՝ այս ընթացքում արժևորվեց բժիշկը և բժշկի աշխատանքը, և բուժաշխատողի հանդեպ հարգանքը պիտի միշտ պահպանվի։

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close