Նորություններ

«Բժշկուհի՜, կանչում էին ինձ. առաջին երեխաներն էին, որ չէին վախենում համազգեստիցս». կորոնավիրուսի դեմ պայքարին կամավորագրված աղջկա առօրյայից

Քնարիկ Աղաբաբյանը ԵՊԲՀ 5-րդ կուրսի ուսանող է։ Ապագա բժիշկն արտակարգ դրության ռեժիմ հայտարարելուց հետո միացել է կամավորական աշխատանքներին։

«Մարտի 19-ին Ֆեյսբուքում Ազգային բժշկական պալատի տեղադրած հայտարարությունը տեսա և որոշեցի ներգրավվել այդ աշխատանքներին։ Երբ առաջին դեպքը գրանցվեց Հայաստանում, և բժիշկներն սկսեցին կենտրոնացված իրենց նվիրական աշխատանքը կատարել, գլխումս միայն մի հարց էր՝ ինչո՞ւ եմ ընտրել բժշկի մասնագիտությունը, և եթե անկեղծ լինեմ, իրական պատասխանին ներսումս հասել եմ միայն այն ժամանակ, երբ 100 օրը լրացավ, ինչ հեռու էի մորիցս և հարազատ տնից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է կամավորը։

Քնարիկն ընդգծում է, որ մայրը մինչև վերջին վայրկյանն էլ դեմ էր, նույնիսկ նեղացել էր աղջկա նման որոշումից։

«Մեծ դժվարությամբ բացատրել եմ ընտանիքիս թե՛ սպասվող դժվարությունների, թե՛ հավանական վտանգի ու այն բոլոր պաշտպանական միջոցառումների մասին, որ այնտեղ ձեռնարկել են բուժանձնակազմի մյուս անդամների հետ միասին։ Ու չափազանց հաճելի էր, երբ սկսեցի նկատել, որ մորս վախը ժամանակի ընթացքում դարձավ հպարտություն»,- ասում է կամավոր-ուսանողը։

Նրա կարծիքով՝ կարևոր պահին, երբ պետք է համախմբվել, ամենադժվար պայքարը գնում է ապատեղեկատվության դեմ, որ այս օրերին շատ ուժեղ ալիքով տարածվում է սոցիալական կայքերով, ինչը արդյունքում բերում է թյուր կարծիքի ձևավորման, ու դրա հետևանքով բժիշկների աշխատանքը եռակի, քառակի անգամ դժվարանում է։

Քնարիկ Աղաբաբյանը նշում է, որ յուրաքանչյուր անքուն գիշեր ու դրան հետևող լուսաբացը նոր ծնվող յուրահատուկ մտքերի աղբյուր է դառնում։

«Երբ կտրվելով այս ամեն ինչից՝ սկսում ես կողքից հայացք գցել  քո ներկայիս «ես»-ին ու այն անձին, որի հատկանիշների մի մասը, վստահաբար կարելի է ասել, ձևավորվել է այս 4 դժվար ու պատասխանատու ամիսների ընթացքում, կարող եմ ասել, որ այս օրերի ընթացքում դարձել եմ էլ ավելի պատասխանատու ու կարեկցող։

Ֆորսմաժորային իրավիճակները միշտ էլ նպաստում են փոփոխությունների ձևավորման՝ թե՛ անհատի, թե՛ հասարակության մեջ։ Նպաստում է ինքդ քեզ ճանաչելուն՝ բառի լայն ու նեղ իմաստներով։ Սկսում ես պայքարել թույլ կողմերիդ դեմ ու էլ ավելի ամրապնդել ուժեղը։ Ստեղծված լարված իրավիճակներում սկսում ես գործել օպերատիվ՝ փնտրելով արագ լուծումներ։ Իհարկե ձեռք բերված մասնագիտական փորձի մասին խոսելն ավելորդ կլինի։ 5 տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքներս դարձան նաև պրակտիկ»,- պատմում է նա։

Կամավորը խոստովանում է, որ գերլարված աշխատանքից հետո ուժերը վերականգնվում էին, երբ հնարավորություն էր ստեղծվում խոսել եղբոր հետ, ով ներկա պահին ծառայում է հայոց բանակում. «Սերժանտ է ու իսկական հայրենասեր, ում ամեն տված խորհուրդն ինձ համար մի ուրիշ աշխարհ է, ամբողջ ընթացքում սատարել է ինձ, որ գործս պատվով կատարեմ»։

Քնարիկը վերհիշում է հետաքրքիր դրվագները. «Մեկուսացվածների հետ աշխատելիս կամավորների մեր թիմով մաքսիմալ փորձել ենք բացը լրացնել՝ դարձնելով նրանց էլ ավելի իրազեկ։ Նախարարության կողմից լուսաբանումը տարաբնույթ հոլովակների ու պոստերների միջոցով  իրականում լավ արձագանք է գտել հասարակության մեջ, այստեղ խնդիրն այլ է, թե որքանո՞վ են հայերը հետամուտ լինում տրվող խորհուրդներին։

Մեկուսարանում մինչև թեստավորման օրը մաքսիմալ փորձում էինք այնպես անել, որ խուճապը մարի մարդկանց մեջ, այդ օրերին մենք նրանց համար դառնում էինք ընկեր։ Ամենալարված իրավիճակը հիմնականում ստեղծվում էր, երբ պետք է պատասխանը հայտնեինք նրանց, ու կարող եմ ասել, որ իրավիճակը բավական հեշտ էին հաղթահարում։ Լարվածություն, իհարկե չնչին, բայց կար, անգամ ինձ մոտ, դա էլ ապագայի հանդեպ անորոշությունն է. բոլորս էլ մարդ ենք, հույզերն իրականում կառավարելն այդքան էլ հեշտ չէ։

Պացիենտների հետ ընկերանալ, վստահաբար կարող եմ ասել, այո՛, ստացվում է։

Հետաքրքիր դեպքերից մեկը կապված է ամենափոքրերի հետ։ Մեկուսացվածների շրջանում 2 հրաշք բալիկներ կային՝ քույր ու եղբայր։ Մի օր աղջիկը ոտքը ցավեցրել էր, այնքան էր լացել, մինչև մայրիկն ինձ էր կանչել, որ դեղամիջոցը ես քսեի ոտքին։ Հաջորդ օրը ինձ համար նկար էին նկարել։ Բժշկուհի՜, կանչում էին ինձ. առաջին երեխաներն էին, որ չէին վախենում համազգեստիցս։

Երեխաներից մեկը շատ ուժեղ վախ ուներ բժիշկներից, հատկապես համազգեստիցս։ Տղային մայրիկի հետ համոզել էինք, որ տարբերվող սպիտակ ծաղրածու եմ, օրվա ընթացքում բժշկական ձեռնոցից փուչիկ էի սարքում նրա համար, որ ուրախանար»:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close