Նորություններ

«Հեղաշրջման ջանքերի ամենաթեժ պահին գնալ արտասահման, այն էլ այն երկիր, որն այդ ջանքերի առնվազն հովանավորն է, մի քիչ տարօրինակ կլիներ»

ԲՀԿ առաջնորդի նկատմամբ իրականացված գործողությունների, մի քանի քաղաքական ուժերի համախմբման, ներքաղաքական այլ զարգացումների և արտաքին գործոնների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ։

Պարոն Հովհաննիսյան, տարբեր քաղաքական ուժերի կողմից նույն ժամանակահատվածում հայտարարություններ անելն ու նրանց ակտիվացումն ի՞նչ է նշանակում, ինչո՞վ են պայմանավորված այս գործընթացները:

-Կարծում եմ՝ տարբեր միավորների և խմբերի դրդապատճառները տարբեր կարող են լինել, բայց միանշանակ է, որ այդ ակտիվության խթանիչը թագավարակի հետ առնչվող ճգնաժամն է։ Իրենց կողմից այս պահն ընկալվում է որպես իշխանություն վերցնելու համար առիթ։ Ակնհայտ է, որ այդ ընկալումը բացահայտ կերպով խրախուսվում և ամրապնդվում է Կրեմլի ու ռուսաստանյան հայ օլիգարխիայի կողմից։ Բացարձակ համախմբումը հազիվ թե հնարավոր լինի, բայց մի քանի խոշոր խաղացողի միավորումը մեր աչքի առաջ իրականանում է։

ԱԺ հավանություն տվեց ԲՀԿ խմբակցության ղեկավարին անձեռնմխելիությունից զրկելուն, իրավական գործընթացները դեռևս շարունակվում են։ Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ այս ամենը բացառապես իրավական գործընթաց է, ընդդիմադիրների բնորոշմամբ՝ այս ամենը քաղաքական հետապնդում է, քաղաքական պատվեր։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք իշխանության գործողությունները կապ ունեն օրեր առաջ Ծառուկյանի կողմից արված հայտարարությունների հետ։

Արմեն Հովհաննիսյան

-Իսկ ո՞վ ասաց, որ մեկը մյուսին հակասող գործընթացներ են։ Մեր տիպի երկրում ցանկացած ռեպրեսիվ միջոցառում պիտի իրավական ձև ունենա։ Այլ խնդիր է՝ այդ ռեպրեսիաներն արդարացվա՞ծ են, թե՞ ոչ։ Օլիգարխիկ համակարգից քաղաքացիականի անցնելու համար հույժ անհրաժեշտ է նոր կուսակցական համակարգի ձևավորումը, քաղաքական կյանքին օլիգարխիայի առնվազն ուղղակի մասնակցությունը բացառելը, պարզ և ոչ շատ ծախսատար ընտրական գործընթացների հաստատումը։ Եթե Հայաստանում համակարգված հաստատութենական պատկերացումներով կառավարություն լիներ, կընդունվեին համապատասխան օրենսդրական ակտեր, կրիմինալ քաղաքականացված խմբավորումները կլուծարվեին և այլն։ Բայց ունենք՝ ում ունենք, և քաղաքական վերաձևումն այս միջոցներով է ընթանում։

Օրեր առաջ վարչապետի առաջարկությամբ 3 ուժային կառույցում պաշտոնանկություններ եղան։ Ի՞նչը կարող էր պատճառ հանդիսանալ, և ի՞նչ կարծիք ունեք նոր նշանակումների մասին։

-Պարոն Գասպարյանի մասին միայն դրական բաներ եմ լսել։ Այսքանը կարող եմ ասել։ Պարոն Քյարամյանի սրընթաց առաջխաղացումը կապում եմ անձամբ վարչապետի վստահությունը վայելելու հանգամանքով։ Կարծում եմ՝ պարոն Փաշինյանի պահեստայինների նստարանն այնքան կարճ է, որ այսպիսի երևույթներ դեռ տեսնելու ենք։ Հատկապես ԱԱԾ-ն Հայաստանի Հանրապետության լոյալության տեսակետից ամենախնդրահարույց կառույցն է։ Դե, բնականաբար, այս կառավարության լոյալ լինելու մասով գործերն ավելի վատ են։ Մեկ անգամ ևս տեսնում ենք, թե ինչպես գործող կառավարող ուժը փորձում է ինստիտուցիոնալ խնդիրներին արտաինստիտուցիոնալ լուծումներ տալ։

Վերաքննիչ դատարանը բավարարեց միջնորդությունը, Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց։ Ի՞նչ կասեք դատարանի նման որոշման մասին, և հետագա ի՞նչ զարգացումներ են սպասվում։ Արդյո՞ք Քոչարյանը կմնա ազատության մեջ։

-Արդեն հայտնի է, որ մնաց։ Մի մեծ գումար չէ իր և իր շրջապատի համար։ Հետաքրքիր է հիմնական վճարողների կազմը՝ ռուսահայ օլիգարխիան։ Հնարավոր է, որ ընդդիմության մի մասի համախմբման գործում պարոն Քոչարյանին առանձնահատուկ դեր է հատկացված, որն, իմիջիայլոց, պարոն Ծառուկյանը կարող է և «չձգեր»։

Երեկ հայտարարվեց 2 նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնեական դիրքի չարաշահումների մասին։ Ինչո՞ւ այս բացահայտումներին կոնկրետ գործողություններ չեն հաջորդում։ Ինչո՞ւ նախկին իշխանության մաս կազմող առանցքային մեղադրյալներն անարգել լքում են Հայաստանը։

-Երբ պետական ապարատը համախմբված և կազմակերպված չէ, իսկ օլիգարխիան և մերձօլիգարխիկ շրջանակներն, ընդհակառակը, չինովնիկները և նույնիսկ իշխանավորների մի զգալի մասը ձգտելու են վերջիններիս հետ չգժտվել, առավել ևս բարձր վճարվող ծառայություններ մատուցել։ Չկա գործող և օգտավետ պետություն՝ կա այն, ինչ տեսնում ենք։

Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա չգնալու հետ կապված ի՞նչ կասեք, Ձեր կարծիքով արդյո՞ք այստեղ քաղաքական ենթատեքստ կա՝ հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները։

-Հեղաշրջման ջանքերի ամենաթեժ պահին գնալ արտասահման, այն էլ այն երկիր, որն այդ ջանքերի առնվազն հովանավորն է, մի քիչ տարօրինակ կլիներ։ Վերջիվերջո, գնալուց հետո նաև գալն էլ պիտի ապահովված լինի։ Բոլոր դեպքերում, ես ուրախ եմ, որ երկրիս վարչապետն այդ խայտառակությանը չի մասնակցելու։ Պուտինյան «պոբեդոբեսյեից»՝ «հաղթանակադիվոտումից» (փորձենք այսպես թարգմանել) արդեն վաղուց ավելի շատ ֆաշիզմի հոտ է գալիս, քան 20-40 թթ. համապատասխան վարչակարգերից։ Այս ամենից որքան հեռու, այնքան լավ։

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close