Նորություններ

«Ուսումս շարունակում էի Մոսկվայում. երբ բուռն զարգացում ստացավ համաճարակը, որոշեցի վերադառնալ Հայաստան և լինել իմ ժողովրդի կողքին». բժիշկ-կամավոր

Գայանե Այվազյանը ԵՊԲՀ 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր է։ Համավարակի օրերին Գայանեն մյուս գործընկերների հետ առաջնագծում է։

«Կամավորական գործունեությունս սկսել եմ մոտ 2 ամիս առաջ։ Օրդինատուրայի փոխանակային ծրագրի շրջանակներում ուսումս շարունակում էի Մոսկվայի Ն.Ի. Պիրոգովի անվան պետական բժշկական համալսարանի ԼՕՌ կլինիկայում։ Երբ բուռն զարգացում ստացավ նոր կորոնավիրուսային համաճարակը, ես որոշում կայացրի վերադառնալ Հայաստան և լինել իմ ժողովրդի կողքին։ Երբ վերադարձա Մոսկվայից, 14 օր ինքնամեկուսացա։ Ինքնամեկուսացումս ավարտվելուն պես դիմեցի «Ազգային բժշկական պալատին» և սկսեցի աշխատել  որպես կամավոր կոնտակտավոր անձանց մեկուսարանում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է կամավորը։

Նրա խոսքերով՝ կամավորությունն անձնվեր կատարած աշխատանքն է, երբ դրա դիմաց ոչինչ չես ակնկալում. այն դիմացինի շահերը սեփական անձի շահերից վեր դասելու կարողություն է։

«Բարդ էր գտնվել ընտանիքից և հարազատներից հեռու։

Ընտանիքից հեռու էինք, բայց հավատացեք, բացը լրացվում էր մեր կամավորական թիմով։ Ես գտնում եմ, որ սա իմ 2-րդ ընտանիքն է, իմ կամավորական ընտանիքը։ Թիմի բոլոր անդամները շատ տարբեր անհատականություններ են, բայց բոլորս էլ եկել ենք այստեղ մի նպատակով՝ օգնելու մեր ժողովրդին։ Եվ այդ գերնպատակը բոլորիս համախմբում է մի գաղափարի շուրջ։ Կարոտել եմ ծնողներիս, քրոջս, ընկերներիս հետ անցկացրած ժամանակները: Մայրիկս կարոտին չէր դիմանում։ Երբ մայրս իմացավ, որ դիմել եմ կամավորական աշխատանքի համար, շատ ծանր տարավ, բայց ես արդեն որոշել էի և գնացի։ Ընթացքում մայրս համակերպվեց և հասկացավ, որ ճիշտ եմ վարվել։

Յուրաքանչյուր բուժաշխատող կռիվ է տալիս բոլորիս կյանքի համար, սա 2 պետությունների պատերազմ չէ, սա ողջ աշխարհի մարդկության պատերազմն է, և պետք է հաղթենք, քանզի, եթե մեզնից նույնիսկ մեկը պարտվի, ապա դա բոլորիս պարտությունն է»,- ասում է Գայանեն։

Նա շեշտում է՝ այնքան ժամանակ կմնա պացիենտներին օգնելու, մինչև բժիշկների օգնության կարիքը էլ չի լինի։

«Շատ տարբեր մարդկանց հետ եմ շփվել։ Իհարկե շատերն էին սկզբում խուճապի մեջ, քանզի նոր միջավայրը, նոր պայմաններն ինքնին վարակի նոր լինելը և վարակի վերաբերյալ խորը գիտելիքների պակասը մարդկանց խուճապի էր մատնում։ Մեր թիմը և՛ բժշկական, և՛ հոգեբանական օգնություն էր ցուցաբերում անխտիր բոլորին։ Մենք հասցրել էինք ընկերանալ շատերի հետ, գիտեինք նույնիսկ՝ ով որ ժամին ինչի կարիք կարող է ունենալ։

Մարդիկ շատ տարբեր են. նույն աշխատանքից շատերը շատ շնորհակալ են, ոմանք համարում են, որ մենք պարտավոր ենք դա անել։ Շատերի հետ ընկերացել ենք, համենայնդեպս, կամավորներիցս դժգոհ հիվանդներ չեն եղել»,- եզրափակում է բժիշկ-կամավորը։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close