Նորություններ

«Խոսել հայաստանյան դատարաններից և ասել, որ նրանք անաչառ են, անկախ, սխալ կլինի». իրավապաշտպան

Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը, ըստ որի փոխվեց Քոչարյանի խափանման միջոցը։ Վերջինս 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։

Նախկին նախագահի խափանման միջոցի փոփոխությունն ի՞նչ ազդեցություն կունենա Մարտի 1-ի գործով քննության ընթացքի վրա: Այս և այլ հարցերի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ։

«Դատախազությունն արդեն հայտարարել է, որ բողաքարկելու է Վերաքննիչ դատարանի վճիռը։ Ռոբերտ Քոչարյանը կմնա ազատության մեջ, թե չի մնա, ես դա չեմ կարող ասել։

Ես միշտ կողմ եմ արտահայտվել խափանման մեղմ միջոցներին. եթե դատարանը գտնում է, որ տվյալ մեղադրյալը չի խոչընդոտելու նախաքննության կամ դատաքննության ընթացքին, ապա ես կողմ եմ, որ կիրառվեն մեղմ միջոցներ և կալանավորումը կիրառվի ամենածայրահեղ դեպքում։ Ռոբերտ Քոչարյանի վրա դա նույնպես տարածվում է։

Հետագա ինչպիսի զարգացումներ կլինեն, դատախազությունն ինչ փաստարկներ, ապացույցներ կբերի և ինչ հիմնավորումներ, որ Քոչարյանը կարող է ազատության մեջ մնալով՝ խոչընդոտել քննության ընթացքին, դա արդեն ժամանակը ցույց կտա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում  կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Արդյո՞ք Վերաքննիչ դատարանի դատավորը վճիռը կայացնելիս ազատ է եղել իր կողմնորոշման մեջ, և ինչքանո՞վ է վճռի վրա ազդել ՄԻԵԴ -ի կարծիքը սույն գործի շրջանակում: Հարցին Հարությունյանն արձագանքեց. «ՄԻԵԴ-ի կարծիքն ինչքանով կարող էր վճռի վրա ազդեցություն ունենալ, չեմ կարող աաել։ Ընդհանրապես հայաստանյան դատարանների մասին խոսելիս անկողմնակալ տերմինը խուսափում եմ ասել: Մեր դատարաններն իհարկե կախված չեն իշխանությունների կամքից և թելադրանքից։ Նախկինի նման իհարկե չեն գտնվում դատախազության ազդեցության ոլորտում, բայց դրա հետ մեկտեղ տարատեսակ կախվածություններ ունեն իրենց անցյալից, իրենց արատավոր կենսագրությունից, տարատեսակ տարածություններից և այլն։

Խոսել հայաստանյան դատարաններից և ասել, որ նրանք անաչառ են, անկախ, սխալ կլինի, ունենք այն, ինչ ունենք»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել դատարանին։ Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր միջնորդությունը։

2018 թվականի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանն Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին, սակայն հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը, ինչի արդյունքում Քոչարյանը կրկին հայտնվեց անազատության մեջ:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close