Նորություններ

Աշխարհում մոտ 25,9 միլիոն մարդ համարվում է փախստական. Այսօր Փախստականների միջազգային օրն է

Այսօր Փախստականների միջազգային օրն է։ Այս տարի նշվում է Միացյալ ազգերի կազմակերպության՝ 1951 թվականին փախստականների կարգավիճակի վերաբերյալ ընդունված կոնվենցիայի 69-րդ ամյակը։

Միացիալ ազգերի կազմակերպության՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը  (ՄԱԿ ՓԳՀ)  ստեղծվել է կոնվենցիայի ընդունումից մեկ տարի առաջ՝ 1950 թվականին, որի հիմնական նպատակն է ապահովել փախստականների իրավունքներն եւ բարեկեցությունը։

Այս նպատակին հասնելու համար գործադրվող ջանքերում՝ ՄԱԿ ՓԳՀ-ն ձգտում է ապահովել, որ յուրաքանչյուր ոք կարողանա իրացնել ապաստան հայցելու եւ մեկ այլ պետությունում ապաստան գտնելու, ինչպես նաեւ կամավոր կերպով տուն վերադառնալու իր իրավունքը։ Աջակցելով փախստականներին վերադառնալ իրենց երկիր կամ մշտական բնակություն հաստատել մեկ այլ երկրում՝ ՄԱԿ ՓԳՀ-ն նաեւ երկարաժամկետ լուծումներ է փնտրում նրանց կացության վերաբերյալ։

Համաձայն ՄԱԿ-ի՝ 1951թ․ Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայի եւ վերջինիս՝ 1967թ․ Արձանագրության, որն ամրագրում է հիմնարար իրավունքներն ու պարտավորությունները, փախստական է համարվում նա, ով «ռասայի, կրոնի, քաղաքացիության, որոշակի սոցիալական խմբի կամ քաղաքական կարծիքի հարելու պատճառով հետապնդվելու հիմնավորված երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս։ Շատ փախստականներ գտնվում են փախուստում՝ մարդածին կամ բնական աղետների հետեւանքներից խուսափելու համար»։

Միջազգային  այս օրն ընդունվել է ողջ  շխարհում սփռված փախստականներին հավուր պատշաճի  պատվելու համար։

Այս օրն ընտրված է մեծարելու այն մարդկանց ուժն ու խիզախությունը, ովքեր հակամարտություններից եւ հետապնդումներից խուսափելու համար ստիպված են եղել փախչել հայրենի երկրից։

Փախստականների միջազգային օրը առիթ է փախստականների դժվարին կացության նկատմամբ կարեկցանք եւ ըմբռնում ցուցաբերելու եւ կյանքը վերակառուցելու իրենց հաստատակամությունը գնահատելու համար։

Փախստականների կարգավիճակի վերաբերյալ 1951թ․ կոնվենցիայում ընդունված իրավունքներից մի քանիսը, որոնք ընդունող երկրները պետք է ապահովեն, ներառում են՝

կեցության իրավունք,

կրթության իրավունք,

կրոնի ազատության իրավունք,

ինքնությունը հաստատող եւ ճամփորդական փաստաթղթեր ունենալու իրավունք։

Ցավոք, հայ ժողովուրդը եւս ստիպված է եղել ճաշակելու փախստական դառնալու դառը ճակատագիրը՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ լինելով մինչեւ նոր ժամանակներում տարածաշրջանում տեղի ունեցած բռնությունները՝ Բաքվում եւ Սումգայիթում։

Ներկայումս աշխարհում մոտ 25,9 միլիոն մարդ համարվում է փախստական։

Համաձայն Refworld-ի 2016 թվականի զեկույցի՝ «Փախստականները, ապաստան հայցողները, թրաֆիքինգի ենթարկված անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, անկանոն միգրանտները և այլ՝ իրավական կարգավիճակ չունեցող քաղաքացիները հաճախ հայտնվում են խոցելի իրավիճակներում, բարձր վտանգի սպառնալիքի առջեւ, ուստի նրանց նկատմամբ անհրաժեշտ է ցուցաբերել հատուկ խնամք, աջակցություն եւ պաշտպանություն»:

Ամնեսթի Ինթերնեշնլը նշում է․

«… Մեզ անհրաժեշտ են արմատական լուծումներ, տեսլական ունեցող առաջնորդություն և գլոբալ համագործակցություն այնպիսի ծավալով, որը 70 տարի չի եղել (1951թ. Փախստականների կոնվենցիայի ընդունումից ի վեր): Այն ներառում է փախստականների համար բազմակողմ համակարգերի ստեղծում. թույլ տալ մարդկանց դիմել ապաստան ստանալու համար, արդարացիորեն իրականացնել հայցերի ընթացքը, վերաբնակեցնել առավել խոցելիներին, ապահովել հիմնական իրավունքների իրացում, ինչպիսիք են կրթության և առողջապահության իրավունքները»։

Զորյան ինստիտուտը չափազանց մեծ կարեւորություն է տալիս այն հանգամանքին, որ ընդունող երկրները ճանաչեն և պահպանեն փախստականների իրավունքները, որոնք ամրագրված է ՄԱԿ-ի՝ 1951թ․ Փախստականների կոնվենցիայի եւ 1967թ․ Արձանագրության մեջ։

Վիճակագրական տվյալները վերցված են ՄԱԿ ՓԳՀ-ի “Figures at a Glance” կայքից։

Back to top button
Close