Նորություններ

Ապագա բժիշկը 4 ամիս տուն չի գնացել. կամավորագրվել է, վարակվել կորոնավիրուսով, բուժվել, իսկ մայրը տեղյակ չի եղել

ԵՊԲՀ ուսանողն առանց մի վայրկյան մտածելու, առանց երկմտելու կամավոր ներգրավվել է կորոնավիրուսի դեմ պայքարի գործին: Ստոմատոլոգիական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, ապագա դիմածնոտային վիրաբույժ Ռենե Կարապետյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմել է վարակը հաղթահարելու գործընթացի և կամավորական աշխատանքի կարևորության մասին։

«Միացել եմ կամավորական աշխատանքներին մարտ ամսից, Ֆեյսբուքում Ազգային բժշկական պալատի հայտարարությունը տեսա, դիմեցի։ Մի քանի օր հետո կանչեցին Աղավնաձորի մեկուսարան՝ կամավորական աշխատանքս սկսելու։

Միակ բանը, որ գիտակցում էի նախքան ժամանելս, այն էր, որ պետք է զինված լինեմ կամքի ուժով, որովհետև պատկերացնում էի՝ ինչպիսի պատասխանատու և մեծ ծավալով աշխատանք է ինձ սպասվում։

Բժշկի մասնագիտությունը լավ ու վատ ժամանակներ հաշվի չի առնում։ Մենք ընտրել ենք այդ մարդասիրական ուղին, երդմանը հավատարիմ մնալով, միշտ էլ պատրաստ ենք ընդունել ժամանակների պահանջները»,- պատմում է կամավորը։

Նրա խոսքերով՝ անկախ ընտրած նեղ մասնագիտական ուղուց, այս ճգնաժամում բոլորն էլ պատրաստակամ ու պատասխանատու կատարում են նույն աշխատանքները մեկուսարաններում։

Ռենեի կարծիքով՝ համավարակի դեմ պայքարում ամենաբարդը մարդկանց ճիշտ իրազեկելն է համավարակի մասին, իսկ մնացածը ուղղակի փորձի ձեռքբերում է բժշկի համար։

Ապագա բժիշկը 4 ամիս տանը չի եղել։ Ասում է, որ ընտանիքի անդամներին և ընկերներին է կարոտել, սովորական բնականոնությանը։

Ռենե Կարապետյանը ևս վարակվել է կորոնավիրուսով։

«Ինքնազգացողությունս վատացավ։ Թեստավորեցին, պատասխանը դրական էր, կրկնակի թեստավորումից հետո կրկին դրական պատասխան ստանալուց հետո ինքնամեկուսացա։ Երկու օր անց ինքնազգացողությունս ավելի վատացավ, 40 աստիճան ջերմություն ունեի, դժվար էի շնչում, կոկորդս այտուցված էր, մկանային թուլությունն օր օրի ավելանում էր։ Ինձ հոսպիտալացրին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։

Շատ դժվար էր ինձ համար։ Բացի ծանր կլինիկական նշաններից, սթրես ու տագնապ կար. չէի նկատում՝ որտեղ եմ, շտապօգնության մեքենայից իջնելիս միայն մեքենայի լույսերն էի տեսնում։ Մեր ղեկավարները, ծնողներս զանգում էին, փորձում աջակցել ինձ, վստահեցնում, որ կհաղթահարեմ, բայց միևնույն է, երբ հիվանդանոցում հայտնվեցի, վախը մեծ էր։ Մի քանի օր շատ վատ էի զգում, դեղորայքով կայունացրին վիճակս, 14 օր անցկացրի հիվանդանոցում, 4 օր մեկուսացա, կրկնակի թեստավորման արդյունքում բացասական պատասխան ստանալուց հետո միացա կամավորներին՝ այս անգամ արդեն սահմանային անցակետերում ինքնամեկուսացման գործընթացն իրականացնող Երևանի կարանտին շտաբի թիմին»,- պատմում է Ռենեն։

Երբ հայտնվել է պացիենտի կարգավիճակում, շատ դժվար է եղել իր համար. «Անընդհատ մտածում էինք, շատ աշխատանքներ կար անելու, և հետաքրքիր էր՝ ինչպես ինքներս կպայքարենք այդ հիվանդության դեմ, հույզերը խառնվել էին, անհանգիստ էի թե՛ իմ ֆիզիկական, թե՛ հոգեկան վիճակի համար»։

Ապագա բժիշկն ընդգծում է՝ միայն հայրն է տեղյակ եղել, որ իրեն հիվանդանոց են տեղափոխել, մինչև դուրս գրվելը մորը ոչինչ չի ասել։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close