Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ղեկավարությամբ ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը

Երեք ժամ՝ բուռն քննարկումներ, առաջարկներ ու տվյալներ. Գյումրու քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ղեկավարությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:

Աշխատանքային խմբի ստեղծման նպատակը՝ աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայն­քային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների (տնակների) փաստագրման արդյունքների հավա­քագրումը և դրանց հիման վրա համապատասխան առաջարկների փաթեթի մշակումն է: Ընդ որում՝ կատարված աշխատանքների վերջնական արդյունքները ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2019 թվականի հունիսի 30-ը:

Տվյալների հավաքագրումը շարունակվում է, սակայն դրանք դեռևս համալրման կարիք ունեն: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ օր առաջ ոչ հիմնական շինությունների վերաբերյալ տեղեկատվությունը Կոմիտե ներկայացնելու խիստ հանձնարարականներ է տվել: Նա խնդրել է հստակեցնել, թե որ օղակներում են դանդաղում ոչ հիմնական շինությունների փաստագրման աշխատանքները՝ խնդիրներին լուծում տալու նպատակով:

Ներկաները լսել են աշխատանքային խմբի անդամների առաջարկությունները՝ ոչ հիմնական շինությունների քանդման, դրանցում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման, քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինությունների օրինականացման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև նախնական ուսումնասիրություն՝ ոչ հիմնական շինությունների ծագման, ինչպես նաև ընտանիքների խմբերի՝  տնակներում բնակվողի կարգավիճակում հայտնվելու պատճառների վերաբերյալ՝ հետագայում համապատասխան առաջարկներ և լուծումներ մշակելու նպատակով:  

Աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումն անցկացվելու է Լոռիում:  

Back to top button