«Քաղաքացու օր»-վա շուրջ քննադատություններն ու բացատրությունները մեկ տեսանյութում

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխությունը, որը հավանության արժանացավ կառավարության կողմից, և որով սահմանվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես քաղաքացու օր, արդեն մի քանի օր է թեժ քննարկման հերթական թեմա է դարձել: Քննարկում են քաղաքացիները՝ փողոցում, սոցիալական ցանցերում, քննարկում են կուսակցականները, խորհրդարանականները և արտախորհրդարանականները:
Քաղաքացու օր հռչակելու գաղափարը թավշյա հեղափոխական իշխանավորները բացատրում են հետևյալ կերպ. 2018թ.-ին ՀՀ-ում քաղաքացին առաջին անգամ հաղթել է:
2018-ին հեղափոխական, իսկ հիմա կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այդ օրը անկախությունից հետո 2-րդ հիշարժան օրն է համարում նորանկախ պետության պատմության ընթացքում:
Մինչդեռ ՀՀԿ-ում սա այլ մեկնաբանություն ստացավ. հաղթանակի օր են հռչակում Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը: ՀՅԴ նախկին անդամ Արմենուհի Կյուրեղյանն էլ այնքան հեռու գնաց, որ հայտարարեց՝ եթե Սերժ Սարգսյանի հրաժարականը կարելի է նշել, ապա ինչո՞ւ չնշել Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը:
Ի՞նչ են անելու այն քաղաքացիները, ովքեր հեղափոխությանը չեն մասնակցել. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց խորհուրդ տվեց այդ օրը խաշ ուտել:
ԲՀԿ խմբակցության ներսում գործադիրի այս որոշումը դեռ չեն քննարկել: Խմբակցության պատգամավորներից Գևորգ Պետրոսյանն էլ ուզում է հասկանալ քաղաքացու օր սահմանելու իմաստը:
Այս ամենի մեջ, իհարկե, ամենաստեղծարար առաջարկը թերևս Գալուստ Սահակյանինն էր. նա նշեց, որ կարելի է հայտարարել նաև գյուղացու օր:
Իսկ քաղաքացիները թերևս դեմ չեն հատուկ օր ունենալուն: Պետական տոնացույցում քաղաքացու օրը դեռ չի գրանցվել: Նախագիծը դեռ արժանանալու է օրենսդիրի հավանությանը: