Նորություններ

Ծեծել է կնոջը և կացնով սպառնացել հորը․ ընտանեկան բռնության հերթական դեպքը՝ Արարատի մարզում

Արարատի մարզում ընտանեկան բռնության հերթական դեպքն է արձանագրվել, որի զոհը դարձել է ոչ միայն կինը, այլև՝ բռնարարի հայրը։

Ընտանեկան բռնության հերթական դեպքն ավարտվել է քրեական գործի հարուցմամբ ընտանիքի անդամները գտնվում են դատավարության տարբեր կողմերում։

37-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է կնոջ հետ՝ նրան մեղադրելով իրեն դավաճանելու մեջ։ Վիճաբանության ընթացքում տղամարդը բռունցքով երկու անգամ հարվածել է կնոջ ձախ աչքի շրջանին։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 16-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում։ Դեպքից հետո չի ուշացել նաև ոստիկանության արձագանքը։

Արարատի մարզի ոստիկանության բաժանմունքներից մեկի տեսուչի կողմից նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում որոշում է կայացվել տղամարդու նկատմամբ անհետաձգելի միջամտություն կատարելու վերաբերյալ, ըստ որի՝ սահմանված կարգով հարկադրվել է ընտանիքում բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ կնոջ բնակության վայրից՝ եռօրյա ժամկետով, ինչպես նաև արգելվել է նրան մոտենալ կնոջը և նրա խնամքի տակ գտնվող անձանց 200 մ հեռավորությունից։ Սակայն տղամարդը խախտել է ոստիկանության ծառայողի պահանջը։ Հաջորդ օրը՝ հունվարի 17-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում տղամարդը ,կրկին ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, գնացել է կնոջ բնակության վայր, իսկ օրեր անց վիճաբանել է արդեն հոր՝ նրա գլխին կոտրելով իր ողջ զայրույթը։

Քննության տվյալներով՝ հոր հետ վիճաբանելիս բռնարարը կրկին եղել է խմած, իսկ վեճի առարկա դարձել է բջջային հեռախոսը։ Որդին հորը մեղադրել է այն պահելու մեջ, փայտյա աստիճանը նետել է հոր ուղղությամբ, ապա վերցրել է կացինն ու սպառնացել սպանել։ Այս դեպքից հետո ոստիկանությունը ևս մեկ անգամ անհապաղ միջամտություն է կատարել և արգելել է նրա վերադարձը երկօրյա ժամկետով, ինչպես նաև արգելվել է մոտենալ նրան 300 մ հեռավորությունից։

Այս որոշումը տղամարդը ևս խախտել է, իսկ ընտանեկան բռնություն դեպքերն էլ շարունակվել։

Հերթական վեճի ժամանակ՝ մարտի 19-ին՝ժ ամը 00։30-ի սահմաններում, տղամարդը կրկին գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է հոր հետ, բռունցքով հարվածել նրա ձախ հոնքի շրջանին։

Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ ծեծի համար և նույն օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով (երկու դրվագով)՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար։ Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։ Այժմ գործը գտնվում է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում։

Նշենք, որ տղամարդը նախկինում դատապարտված եղել է սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի համար, որն իրականացնելու իրական վտանգ է եղել։

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close