Նորություններ

Քաղաքական հետապնդու՞մ, թե՞ իրավական գործընթաց. «Լուսավոր Հայաստանի» և «Իմ քայլի» պատգամավորների տեսակետները

Ըստ ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրության՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին միանգամից երեք տարբեր քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել։ Երեկվանից այդ քրեական գործերով կատարվում են իրավական գործողություններ՝ խուզարկություն և հարցաքննություն։

Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ։

«Եթե կա իրավական գործընթաց, և եթե իրականացվում են դատավարական գործողություններ, ապա իրավական գործընթացի շրջանակում ես նորմալ եմ վերաբերվում նման գործողություններին։

Մենք ասում ենք, որ իշխանության կողմից իրավական գործընթացների նկատմամբ կա քաղաքական միջամտություն և ազդեցություն։ Այսինքն՝ իշխանությունն իր գործողություններով ամեն ինչ անում է, որ մենք տեսնենք այդ ազդեցությունը։ Երեկ տեղի ունեցած գործընթացներն իրավական գործընթացներ էին, բայց իշխանության ներկայացուցիչները գայթակղությունից դրդված իրենց սոցցանցի էջերին տարածում էին նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթեր՝ խախտելով անմեղության կանխավարկածը։ «Լուսավոր Հայաստանը» բազմիցս ասել է, որ բիզնեսը չպետք է լինի քաղաքականության մեջ։

Այն, ինչ կատարվում է հիմա, իշխանության համար նորություն չէ։ Ուղղակի պահը ընտրել են։

Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն սրել է հռետորաբանությունը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ երեկվա գործողությունները ուղղակիորեն կապված են օրեր առաջ Գագիկ Ծառուկյանի կողմից արված հայտարարությունների հետ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն էլ այսպես է մեկնաբանում. «Երեկ տեղի է ունեցել գործողություն իրավապահ մարմինների մասնակցությամբ, և իմ գնահատականը բխում է իրավական մարմինների կողմից տրամադրած տեղեկատվությունից։

Գագիկ Ծառուկյանի կողմից օրեր առաջ արված հայտարարություններն ընդհանրապես կապ չունեն այս ամենի հետ, որովհետև այդ գործընթացներն ավելի վաղ էին սկսվել։ Ծառուկյանի հայտարարությունն ուղիղ կապ ունի իրավապահ համակարգի կողմից տարվող աշխատանքների հետ։ Գագիկ Ծառուկյանը նախահարձակ եղավ և փորձեց ասել, որ այս ամենը քաղաքական հետապնդում և քաղաքական պատվեր է, և իրենց խմբակցությունն այս ամենը որակեց քաղաքական հետապնդում։

Սա չի կարող քաղաքական հետապնդում համարվել, որովհետև մեր իշխանությունը քաղաքական հետապնդումներ չի իրականացրել որևէ մեկի նկատմամբ։ Դա նախկին իշխանությունների գործելաոճն է, և մեզ չպետք է նույնականացնել նախկին թալանչիների հետ»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի կարծիքով՝ իրավական գործընթացներ սկսվում են այն ժամանակ, երբ քաղաքական ընդդիմախոսներն իրենց հռետորաբանությունը սրում են. «Երբ չկար այդ հռետորաբանությունը, Գագիկ Ծառուկյանի հետ կարելի էր կնքել քաղաքական հուշագիր։ Երբ ընդդիմախոսները սկսում են սուր խոսել, իշխանությունը որոշում է պատժել հանցագործություն կատարողներին։ Ուզում եմ շեշտել, որ իրավական գործընթացների վրա չպետք է քաղաքական միջամտություն լինի։ Այդ ամենը չպետք է լինի պահի ազդեցությամբ և պահի նպատակահարմարությունից»,-ընդգծեց պատգամավորը։

Սամսոնյանն անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ նշեց. «Անհամաչափ ուժի կիրառում է եղել և եղել է անհարգալից վերաբերմունք պատգամավորների նկատմամբ։ Հաշվի չի առնվել նրանց կարգավիճակը։ Եվ բնական է, որ այդպես էլ պետք է լիներ, որովհետև ոստիկանությունում որևէ բարեփոխում չի եղել։

Ցավալին այն է, որ այդ բարեփոխումները ոչ միայն տեղի չեն ունենում, այլև իշխանությունը սկսել է խրախուսել ոստիկանության մեթոդներն ու եղանակները։ Արձանագրումները շատ են, երբ ոստիկանության կողմից եղել է ոչ համաչափ ուժի կիրառում»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի խոսքերով՝ ոստիկանության երեկվա գործողություններն իրավաչափ էին, և համաչափ ուժ է կիրառվել. «Ես ուզում եմ հարց ուղղել այն մարդկանց, ովքեր իմանալով, որ Հայաստանում արտակարգ դրություն է, և այն պարագայում, որ չի թույլատրվում հավաքներ կազմակերպել, մարտական կոչերով հանդես եկողներին, մարդկային հավաքը խրախուսողներին. մի շաբաթ կամ տասը օր հետո կունենանք վարակվածների մեծ թիվ, ո՞վ պետք է պատասխան տա։

Ես տեսա, որ մարդիկ առանց դիմակի էին, պատգամավորներն էլ էին առանց դիմակի, հակահամաճարակային կանոնները չէին պահպանում։

Ի՞նչ էր կատարվում երեկ, իրենք պետք է պատասխան տան»,- եզրափակեց Դավոյանը։

Back to top button
Close