Նորություններ

«Քաղաքականացնելու փորձերը հիմնվում են այն բանի վրա, որ Գագիկ Ծառուկյանը, բացի հայտնի օլիգարխ լինելուց, զբաղվում է նաև քաղաքականությամբ». Հ.Խուրշուդյան

«Եթե կան քրեական գործեր, իհարկե բոլորս էլ գիտենք, թե Գագիկ Ծառուկյանը ինչ ապօրինությունների մեջ է ներգրավված եղել, և պետք է այդ քրեական գործերը հասնեն իրենց ավարտին։ Պետք է անհրաժեշտ գործողություններ իրականացվեն, հարցաքննություններ, խուզարկություններ, և այստեղ քաղաքականացնելու որևէ հիմք ես չեմ տեսնում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Խուրշուդյանի կարծիքով՝ արտակարգ դրության ռեժիմը որևէ կերպ չի կարող խոչընդոտել քրեական գործերով տարվող իրավական և հետաքննական գործընթացներին։ Ընդհակառակը՝ տարօրինակ կլիներ, որ արտակարգ դրությունը խոչընդոտ դառնար։

«Ուրիշ հարց է, երբ արվում է քաղաքականացնելու փորձ Գագիկ Ծառուկյանի շրջապատի կողմից։ Քաղաքականացնելու փորձերը հիմնվում են այն բանի վրա, որ Գագիկ Ծառուկյանը, բացի հայտնի օլիգարխ լինելուց, զբաղվում է քաղաքականությամբ։ Ղեկավարում է ԱԺ ԲՀԿ խմբակցությունը։

Այս ամենի մեջ ճիշտը կլիներ այն, որ Ծառուկյանը պայքարեր իրավական դաշտում, այսինքն՝ նախ քրգործը գնար դատարան, դատարանում իրենք, եթե կարծում են, որ անմեղ են, և այդ գործերը հիմնավոր չեն, պիտի ապացուցեին դա և եթե տեսնեին, որ չեն կարող ապացուցել, գնային ՄԻԵԴ՝ այնտեղ ապացուցեին։

Երբ քրեական գործը տանում են փողոցներ փակելուն, ակցիաներ անելուն, դրանք արվում են քաղաքականացնելու համար, դա հեռանկար չունի և որևէ արդյունքի չի բերի»,- եզրափակեց Հովսեփ Խուրշուդյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող միանգամից երեք տարբեր քրեական գործեր է հարուցել։ Այսօր ԱԱԾ-ն նաեւ քրեական գործերից մեկի մասով տեսանյութ է հրապարակել:

 

Back to top button
Close