«3-4 ամիս է տանը չեմ եղել, ընտանիքիս եմ շատ կարոտել». կորոնավիրուսից բուժված բուժքույրը շարունակում է օգնել կորոնավիրուսով վարակված հիվանդներին
Լիլիթ Սարգսյանը մասնագիտությամբ բուժքույր է: Համավարակից առաջ աշխատել է «Աստղիկ» Բ/Կ-ում։ Համավարակի օրերին տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ ինֆեկցիոն մասնաճյուղ։ Երիտասարդ բուժքույրն այս պահին աշխատում է 2 բժշկական կենտրոններում, աշխատում է կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ։
«3-4 ամիս է տանը չեմ եղել։ Ընտանիքիս եմ շատ կարոտել, գրեթե չեմ կարողանում անգամ հեռախոսով շփվել։ Ժամանակ չունեմ, ահավոր սուղ է։ Գալիս հանգստանում եմ, գնում եմ մյուս աշխատանքին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմեց բուժքույր Լիլիթ Սարգսյանը։
Նրա խոսքերով՝ կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ հիմնականում հոգեբանական աշխատանքներ են տարվում. «Փորձում ենք բացատրել, որ այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում, և որ իրենք շուտ առողջանալու են և դուրս են գալու այս իրավիճակից։
Հիվանդներին հասկանում եմ, որովհետև ինքս էլ վարակվել եմ կորոնավիրուսով, մտնում եմ նրանց դրության մեջ։
Նրանք գերլարված են, շփոթված են և վախեցած։ Հիվանդությունն է պատճառը, որ մարդիկ չարացել են և չեն ուզում հավատալ վիրուսի գոյությանը։ Կան հիվանդներ, որ իրենց հետ աշխատելն իսկապես բարդ է։ Նրանք ծանրացնում են իրենց վիճակը»,- ասում է Լիլիթը։
Բուժքրոջ խոսքերով՝ նախկինում էլ է դժվար եղել իր աշխատանքը։ Նյարդավիրաբուժական բաժնում է աշխատել՝ ուռուցքով հիվանդների հետ։
Ընդգծում է, որ չի կարողանում տարբերակել՝ որ դեպքերում է աշխատանքն ավելի դժվար, փորձում է չլարվել և հիվանդի կողքին լինել։
Լիլիթն ասում է, որ իր համար ամենամեծ դժվարությունն այս շոգին բժշկական արտահագուստի կրումն է, ավելորդ անհարմարություններ է առաջացնում, իսկ մնացած դժվարությունների հետ ընտելացել է, դարձել են սովորական և առօրյա։
Անահիտ Չալիկյան