Նորություններ

«Փորձելու են հասնել կառավարության տապալմանը. Գագիկ Ծառուկյանին փորձում են ներքաշել խաղի մեջ». Ա.Վարդանյան

«Գագիկ Ծառուկյանի ակտիվանալը, Նիկոլ Փաշինյանից հրաժարական պահանջելը ամենևին էլ պատահական չէ այս ժամանակահատվածում, և եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ նմանատիպ կոչերով են հանդես գալիս ռուսամետ կուսակցությունները, Արթուր Վանեցյանը, իր կուսակցությունը։

Սա պատահական չէ։ Ռուսաստանը մշտապես վերջին 2 տարիների ընթացքում, այսինքն՝ հեղափոխությունից հետո, ակնհայտորեն ցույց է տվել, որ այս իշխանություններն իր սրտով չեն, այժմ էլ կարծես թե պատեհ առիթ է հայաստանյան իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու և փորձելու հասնել կառավարության տապալմանը, և Գագիկ Ծառուկյանին նրանք փորձում են ներքաշել այդ խաղի մեջ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության  ղեկավար Գագիկ Ծառուկյանի  հայտարարություններին, որոնցում նա  քննադատում էր  իշխանություններին՝ մեղադրելով ձախողումների մեջ, պահանջելով կառավարության 100% հրաժարական։

Ըստ քաղաքագետի՝ դեռևս պարզ չէ՝ Գագիկ Ծառուկյանը սեփական ցանկությա՞մբ է մտել խաղի մեջ, թե՞, այնուամենայնիվ, նրա վրա ճնշում է եղել, և ինքը չուզենալով և դժկամությամբ է ներքաշվել այդ ամենի մեջ։

«Դա պարզ կլինի մոտակա ժամանակներս Գագիկ Ծառուկյանի արած գործողություններից։ Եթե նա ավելի կտրուկ քայլերի դիմի, պարզ է դառնում, որ նա որոշել է մտնել խաղի մեջ և հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

Բնականաբար իշխանությունն էլ ձեռքերը ծալած չի նստելու։

Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ խմբակային բռնաբարության գործի նյութերը համացանցում հայտնվելը իշխանության ձեռքի գործն էր. դա չէր կարող լինել պատահական»,- ասում է Արմեն Վարդանյանը։

Նրա պնդմամբ՝ եթե Գագիկ Ծառուկյանը շարունակի նույն ոճով, նորից փորձի գնալ իրավիճակի սրմանը, իշխանությունները նորանոր կոմպրոմատներ ի հայտ կբերեն, միգուցե ավելի ծայրահեղ քայլերի դիմեն՝ Ծառուկյանի բիզնեսներին ուղղակիորեն կպչեն կամ այլ քրեական գործեր հարուցվեն։

«Այս փուլում կա իշխանություն-ԲՀԿ ընդգծված առճակատում, որը կարող է խորանալ և հանգչել, հնարավոր է նաև, որ Ծառուկյանն ինչ-որ բանի դիմաց իշխանություններից կորզի իր չմասնակցությունը շարժումներին, այսինքն՝ իշխանություններից կպահանջի, որպեսզի քրեական գործերը վերացվեն։ Օրինակ՝ Սեդրակ Առուստամյանի հետ կապված քրեական գործը վերացնել, և դրա դիմաց հրաժարվում է մասնակցել որևէ հակաիշխանական գործողությունների։ Չի բացառվում, որ իշխանություններն ու ԲՀԿ-ն ինչ-որ փուլում իրար հետ պայմանավորվածություն ձեռք բերեն»,- կարծիք հայտնեց քաղաքագետը։

Անդրադառնալով Միքայել Մինասյանի հայտարարություններին և վերջերս ՊԵԿ-ի բացահայտմանը՝ հայտարարեց. «Ակնհայտ է, որ Միքայել Մինասյանն էլ ընդգծված առճակատման մեջ է Հայաստանի իշխանությունների հետ։

Ռուսաստանից են նրան սատարում, որոշակի կոմպրոմատներ կան։ Ռուսաստանը Մինասյանին փաստաթղթեր է տվել։ Նա էլ այդ կերպ փորձում է ճնշումներ գործադրել իշխանության վրա։ Ինչպես Գագիկ Ծառուկյանի դեպքում, այնպես էլ Միքայել Մինասյանի, իշխանությունները հանելու են այն բոլոր կոմպրոմատները, որոնց տիրապետում են, և որոնք ընդդեմ Միքայել Մինասյանի են։ Իշխանությունն էլ իր հակաքայլերն է անելու»,- հայտարարեց Վարդանյանը։

Հունիսի 8-ին ՀՀ վարչապետի առաջարկով երեք ուժային կառույցների ղեկավարներ փոխվեցին։

ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին  փոխարինեց Օնիկ Գասպարյանը։ ԱԱԾ պետ Էդուարդ Մարտիրոսյանին փոխարինեց Արգիշտի Քյարամյանը։ Ոստիկանապետ Արման Սարգսյանին փոխարինեց Վահե Ղազարյանը։

Անդրադառնալով ուժային կառույցի 3 բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությանը՝ Վարդանյանն ընդգծեց.

«Կարծում եմ, որ որոշ դեպքերում այդ պաշտոնանկությունները հասունացել էին։ Ոստիկանության պետն այնքան էլ լավ չէր աշխատում, ոստիկանությունից բոլորը դժգոհում էին։ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկությունը նույնպես պետք էր, քանի որ ժամանակին, երբ Արտակ Դավթյանը նշանակվել էր ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, շատ զինվորականներ դժգոհություն էին հայտնում։

ԱԱԾ պետի պաշտոնում Էդուարդ Մարտիրոսյանին փոխարինելով Արգիշտի Քյարամյանով  Նիկոլ Փաշինյանը մի քանի հարց է լուծում. նախ Էդուարդ Մարտիրոսյանը, լինելով Արթուր Վանեցյանի ընկերը և նրա տեղակալը, որոշակի կասկածներ է հարուցել վարչապետի մոտ. նրա նկատմամբ որոշակի անվստահություն է ունեցել, և այժմ Նիկոլ Փաշինյանն իր վստահելի մարդուն է նշանակել ԱԱԾ պետի պաշտոնում։

Քյարամյանին նշանակելը մի կողմից լավ է, որովհետև նա կապված չէ ռուսական ԿԳԲ-ի հետ, բացի դրանից՝ կապված չէ Արթուր Վանեցյանի հետ։ Մյուս կողմից էլ՝ նա բավականին երիտասարդ է, ԱԱԾ-ում աշխատելու փորձ չունի, և այստեղ կարող են խնդիրներ առաջանալ։ ԱԱԾ-ում նման կադրերի նշանակումը երբեք չի ողջունվել։

Այդպիսի խնդիր էր առաջացել Գեորգի Կուտոյանի նշանակման դեպքում, երբ ԱԱԾ գեներալներ սաբոտաժ էին արել ընդդեմ Կուտոյանի նշանակման։ Միգուցե Քյարամյանի դեպքում էլ նման սաբոտաժի դրսևորման ձևեր լինեն  կադրային գեներալների կողմից»,- եզրափակեց քաղաքագետը։

Back to top button
Close