Նորություններ

«Այո, Հայաստանում ծրագրվում է հեղաշրջում». Հրանտ Տէր-Աբրահամեան

Հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը սոցցանցի իր էջում գրել է.

— Այո, Հայաստանում ծրագրվում է հեղաշրջում: Հիմա դա նույնիսկ էլ ավելի շատ մարդ է տեսնում, քան երբ սկսեցինք դա մի քանի հոգով բարձրաձայնել:
— այո, ակնհայտ է, որ հեղաշրջման հիմնական հույսն արտաքին ուժի վրա է: Իրական է այդ հույսը, թե չէ, Հայաստանում հազիվ թե մեկը հաստատ իմանա, բայց կարծում եմ, որ շատ սին էլ չէ:
— այո, ծրագիրը լավ հաշվարկած է երևում, և սցենարների մասին էլ գրել ենք մի քանիսս դեռ մայիսի սկզբում:

Հիմա ինչ տեղի է ունենում, ընդամենը դետալներ է ավելացնում եղած սխեմային, բայց սխեմայի էությունը չի փոխվում: Ամեն ինչին արձագանքելու չէ: Ես արձանագրողի ու արձագանքողի ոճը չեմ սիրում: Ծայրահեղ դեպքերում եմ դա անում, երբ բովանդակության հետ կապված ասելիք կա, ինչպես դա արեցի Վովա Գասպարյանի դեպքում: Մնացածները դեռ անկեղծորեն չեն ասել այնպիսի բան, որ ես համարեմ արձագանքելու արժանի՝ բովանդակապես: Ոչ թե որովհետև ես էդքան հզոր ու խելոք եմ, այլ որովհետև ամեն մարդ ունի իրա ոճը, իրա ասելիքը, իրա շեշտերը:

Մնում են, իհարկե, դեռ որոշ չճշտված հարցեր:
Օրինակ, սպասելի է, որ դեռ ինչ կոզիրներ պետք է դրվեն սեղանին: Ինձ թվում է, եղածը դեռ քիչ է, որպեսզի իրական փորձ արվի հեղաշրջման: Դեռ պետք է բավականին առիթներ ստեղծվեն: Հրապարակումներ գուցե լինեն կամ փողոցում գործողություններ՝ բռնության դեպքերով և այլն: Բայց սրանք իմ ենթադրություններն են, ճիշտ դուրս կգան, թե սխալ, արդեն շատ էական չէ:
Սպառնում են, մեծ-մեծ փռթում են՝ ինչպես ամեն կռվից առաջ, դա լուրջ ընդունելու չէ: Իրապես կոշտ բաներ անողը նախապես չի պատմում ձեզ դրա մասին:

Շատ են խոսում իշխող թիմի սխալների մասին:
Ես կասեի զուտ ստրատեգիական մեկ սխալ է արվել:
Պետք էր ցայսօր ժողովրդին կազմակերպել: Պետք է լինեին ոչ պետական, ժողովրդական կառույցներ: Բայց մարդիկ, կարծես, նույնիսկ իրենց կուսակցությունն այդպես էլ ամուր հիմքերի վրա չդրեցին, էլ ուր մնաց ավելի լայն ֆորմատները:
Մնացած բաներին ես առանձնապես չեմ հավատում՝ վետինգ-պետինգ, ռեֆորմ-պլատֆորմ, ինչքան ավելի հնչեղ լատինաբանություն է, էնքան ինձ ավելի խորթ:
Լատինաբանություններ չեն պետք, այլ հակառակը՝ ավելի հայկականացում, ազգայնացում: Հայաստանում լեգիտիմության միակ ամուր աղբյուրը՝ ժողովուրդ և ազգ գաղափարներն են, մնացածը քամու պես կանցնի կգնա:

Ես կարծում եմ՝ ապագա ճակատամարտում հաղթանակը ժողովրդի կողմն է, այլ ոչ թե միավորյալ էլիտայի:
Բայց մի պայման կա: Որպեսզի հաղթանակը դառնա հիմնավոր, այլ ոչ թե միայն ժամանակավոր, պետք է ազգային հեղափոխության ծրագիր: Սրա մասին, եթե առիթ լինի, կփորձեմ հետագայում ավելի մանրամասն խոսել, որովհետև դա է հիմա ինձ ավելի հետաքրքիր, քան քաղաքական իրավիճակը, որն արդեն բաց է բոլորի համար:

Անկեղծ ասած, ես ոչ թե տխուր, այլ միայն ուրախ եմ այս վիճակից:
Մենք հնարավորություն ունենք այս պայքարը վերածելու Հայաստանի ինքնիշխանության համար իսկական կռվի: Ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն կռվի:

Իսկ տակտիկապես, իշխող թիմը ճիշտ կանի, եթե հանգիստ լինի, սպասի հնարավորինս բոլոր խաղաքարտերի բացմանը, որպեսզի նաև ինքնամաքրվելու հնարավորություն ունենա, և նոր՝ հարկ եղած դեպքում տա պատասխանը: Ու հետո պետք է գա փոփոխությունների ժամանակը:

Back to top button
Close