ՆորություններՔո ձայնը

Առաջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սպասում են ձեզ. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում գրել է.

Որպեսզի լավ հասկանանք, թե ինչ աննկարագրելի փչացած քաղաքական համակարգ է ձևավորված եղել Հայաստանում հեղափոխությունից առաջ և թե ինչ աննկարագրելի փչացած են շարունակում մնալ այդ համակարգի որոշ բեկորներ, բավական է ֆիքսել ընդամենը մեկ իրողություն․

Ամբողջ աշխարհում համաճարակ է՝ իր բոլոր ուղեկցող դժվարություններով։

Հայաստանում համաճարակի աճի տեմպը մեծացել է, վարակված է նաև վարչապետ Փաշինյանը՝ ամբողջ ընտանիքով։

Իշխանությունն ու բազմաթիվ գիտակից քաղաքացիներ անում են ամեն ինչ՝ ամրացնելու ու ավելի արդյունավետ դարձնելու համար հակահամաճարակային պայքարը։

Իսկ այդ միջոցին ինչո՞վ են զբաղված որոշ շատ կոնկրետ ուժեր։ Սկսել են պահանջել կառավարության փոփոխություն։ Հակահամաճարակային պատերազմի ամենաթեժ պահին, երբ վարակված է նաև վարչապետը՝ կառավարության ու վարչապետի փոփոխություն։ Սկսել են շահարկել Արցախի հարցը՝ առանց ամոթի որևէ նշույլի։

Այսօր, պարզվում է, խոսել է նաև Ծառուկյան Գագիկը։ Նա գուժել է երկրի կործանումը, խոսել է նաև Արցախի մասին և պատրաստակամություն հայտնել երկիրը իշխանություններից փրկելու համար համագործակցել ցանկացած քաղաքական ուժի ու անհատի հետ։

Առաջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սպասում են ձեզ։ Կարող եք սպասել մինչև մարտի 1-ն ու նոր համախմբվել, որ ավելի խորհրդանշական լինի։

Որպես պատգամավոր՝ բացարձակ զարմացած չեմ, բայց որպես քաղաքացի՝ չեմ թաքցնի, ուղղակի ապշած եմ այս երեսպաշտության մասշտաբներով։

Կորոնավիրուսի համաճարակը մենք, վստահաբար, կհաղթահարենք՝ ի հեճուկս բոլորի, ու դրանից հետո գալու է հիշելու ու վերհիշելու ժամանակը՝ թե ով իրեն ինչպես է պահել պատասխանատու պահին։

Back to top button
Close