Նորություններ

«Ինչ դրական բան կա բռնության մեջ, կամ այդ ինչ համաչափ գործողություն է եղել, որ այդպես ջանասիրաբար արդարացնում են». Ն. Կարապետյանց

«Եթե վարչապետը ուզում էր ցույց տալ խնդիրը, այսինքն, եթե բանկերում կուտակումներ են, կարող էր էլի հրապարակել, թողնել բանկի անվանումը, մարդկանց տեսանելիությունը, բայց ոչ դեմքերը։ Բոլորովին հանրայնացնելու կարիք չկա։ Էլի թող հրապարակի, թող հրապարակի, օրինակ, խանութների կուտակումները, բայց ոչ մարդկանց դեմքերը, որտեղ նրանք ճանաչելի են, մարդիկ ի վերջո անձնական կյանք ունեն, և այստեղ առաջանում է անձնական տվյալների և այլ իրավունքների պաշտպանության խնդիր։ Կարծում եմ՝ վարչապետը սկսել է թույլատրելիության սահմանն անցնել, և դրա հետևանքները դժվար եմ պատկերացնում, հաջորդիվ էլ ի՞նչ է հրապարակվելու»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված հանրային վերահսկողությանը, խախտումներ պատկերող լուսանկարներին և տեսանյութերին։

Ըստ իրավապաշտպանի՝ երբ հրապարակվում են տվյալներ ու հայհոյանքներ, կամ թիրախավորում է սկսվում, տվյալ հրապարակողը պատասխանատու պիտի լինի, հրապարակելուց առաջ պետք է գիտակցել հետևանքները, պետք է հաշվի առնել ամեն ինչ։

Նինա Կարապետյանցը, անդրադառնալով ոստիկանների գործողություններին, հայտարարեց. «Ոստիկանության աշխատանքներից շատ քիչ դրվագային մաս ես տեսել եմ, բայց հենց իրենք՝ ոստիկանները, չեն պահպանում թե՛ դիմակի կրման պարտադիր պահանջը, թե՛ սոցիալական հեռավորությունը։

Գուցե կա մի մաս, որը չի երևում, բայց դրան զուգահեռ շատ լավ տեսանելի է, թե ինչպես են ոստիկանները խախտում կանոնները։ Շատ ցավալի է, որ վարչապետը ամբողջ մեղքը բարդում է քաղաքացիների վրա, այն դեպքում, երբ իրենց և ոստիկանների մասով շատ հավասարակշռված են մեկնաբանությունները։

Ոստիկանները չեն կրում դիմակ, ԱԺ-ում և կառավարությունում չեն կրում, և ամբողջ մեղքը բարդել ժողովրդի վրա, կարծում եմ՝ ոչ պատասխանատու է, ոչ լուրջ, ոչ էլ արդյունավետ»։

Իրավապաշտպանը մատնանշում է օրեր առաջ բարձրաստիճան պաշտոնյաների այցը Արցախ, նրանց արդարացումները, թե ինչու դիմակ չեն կրել։

Ըստ Կարապետյանցի՝ միայն սեփական օրինակով է հնարավոր բացատրել մարդկանց, որ իսկապես դրա անհրաժեշտությունը կա։

Իրավապաշտպանը, անդրադառնալով այսօր ոստիկանների կողմից ուժով դիմակ չկրող քաղաքացուն բերման ենթարկելու միջադեպին, ընդգծեց. «Դա բացարձակ համաչափ ուժի կիրառում չէր, հատկապես, որ քաղաքացին տևական ժամանակ գնում էր։ Չգիտեմ, թե ինչ է դրան նախորդել։ Տեսանյութի ողջ ընթացքում քաղաքացին բարձր գոռում էր՝ ես գալիս եմ ձեզ հետ, ինձ բաց թողեք։ Այդ պայմաններում մի քանի հոգով գետնին են տապալում։

Ամբողջ աշխարհը ցնցվում է աֆրոամերիկացու մահով, և մենք այստեղ հեղափոխությունից հետո ունենում ենք դրա կրկնությունը՝ բարեհաջող ավարտով, և ԱԺ-ի պատգամավորները, արդարադատության նախարարն արդարացնում են ոստիկանության գործողությունները։ Ուզում եմ հասկանալ՝ ինչն են արդարացնում, ինչ դրական բան կա բռնության մեջ, կամ այդ ինչ համաչափ գործողություն է եղել, որ այդպես ջանասիրաբար արդարացնում են»,- եզրափակեց Կարապետյանցը։

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close