Նորություններ

«Մի կերպ վեր եմ կացել՝ ջերմաչափի հետևից. ջերմությունս 40° էր. վիրուսն այդքան ազդեցություն չուներ ինձ վրա, ինչքան իմ ապրումները». Ա. Մնացականյան

Կորոնավիրուսով վարակված լրագրող Աննա Մնացականյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմել է իր մոտ COVID-19-ի ախտորոշման, զգացողությունների և հիվանդության դեմ պայքարի մասին: Նրա խոսքերով՝ ինքն իր մայրիկից է վարակվել։

«Մայիսի 13-ին մայրս աշխատանքից վերադարձավ թուլացած վիճակով և միանգամից պառկեց քնելու։ Մայրիկիս ջերմաչափում արեցի, ջերմությունը 38° էր, ջերմիջեցնող տվեցի, ջերմությունը իջավ արդեն 37,5։ Ապահովության համար հորս և եղբորս ասացի, որ չգան մոտ։ Չնայած հումորով էի վերաբերվում, թերահավատորեն էի նայում, որ հնարավոր է COVID-19 լինել մայրիկիս մոտ։ Կարծես թե հաջորդ օրն ամեն բան լավ էր։ Թուլություն էլի ուներ, բայց ոտքի վրա էր։ Արդեն մայիսի 16-ին մայրիկիս մոտ սիմպտոմներ կային. ջերմությունը բարձրանում էր անընդհատ։ Մայրս քնած էր, գնացի շուրթերով ճակատին հպվեցի, որպեսզի հասկանայի ունի ջերմություն, թե ոչ, այդ պահին զգացի, որ նա այրվում է։

Ամեն բան սկսվեց մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը, երբ ես քնած ժամանակ հասկացա, որ դողում եմ: Արթնացա լուսադեմին՝ ժամը 5-ին, տանը բոլորը դեռ քնած էին, աչքերս բացեցի ու հասկացա, որ ես այրվում եմ, ոչ թե մրսում եմ, այլ ամբողջ մարմինս այրվում է, չէի կարողանում շարժվել, ոսկորներս կոտրված էին: Մի կերպ վեր եմ կացել, ուղղությունս դեղերի դարակ՝ ջերմաչափի հետևից: Երբ չափեցի ջերմությունս 5 րոպե պահելուց հետո, 40° էր, 2 հատ ջերմիջեցնող եմ խմել, ջերմությունս իջավ 39°։ 4 օր 38,5-39,5 անընդհատ տատանվել է (իջել-բարձրացել է)։ Մտածում էի՝ մրսածություն է, բայց ջերմությունս չէր իջնում կամ իջնում էր ժամանակավոր: Հետո կոկորդի այրոց սկսվեց ու հազ առաջացավ, հազը ուժեղացավ, խեղդվում էի։ Ամեն օր մի նոր ախտանշան էր ավելանում: Հետո հասկացա, որ այլևս չեմ զգում ո՛չ համ և ո՛չ հոտ, ես սկսեցի կասկածել. միգուցե COVID 19 է։

Զանգահարեցի Սիրանուշ Զաքարյանին, ում հետ այս օրերին համագործակցում ենք, փորձում օգնել վարակակիրներին: Նրան ներկայացրեցի բոլոր ախտանշաններս, նա շատ արագ կերպով կազմակերպեց ինձնից փորձանմուշ վերցնելու գործընթացը: Ինձ անմիջապես շտապ օգնության աշխատակիցները մեկուսացրեցին երևանյան հյուրանոցներից մեկում։

Սպասեցի իմ համարում, մինչև ինձ էլ տարան Նորքի ինֆեկցիոն՝ թոքերի ռենտգեն ստուգման:

Ես անցա ռենտգեն սարքի միջով, և ինձ ասացին, որ թոքերումս անհանգիստ վիճակ կա, բրոնխներս կոշտացած են: Ինձ հոսպիտալացրել են ամսի 21-ին, և այդ ընթացքում ընտանիքիս անդամները թեստ են հանձնել։ Հորս և եղբորս թեստի արդյունքը բացասական է եղել, մայրիկինս՝ դրական։ Մայրիկին հոսպիտալացրեցին տարիքային նախապայմանով, քանի որ 50 տարեկանից բարձր է և ռիսկային խմբում է։ Նրան տեղափոխեցին Արտաշատի ԲԿ՝ հատուկ կորոնավիրուսով վարակվածների բաժանմունք՝ հետազոտություններ անցնելու։ Նրա մոտ երկկողմանի ամբողջական սեգմենտով թոքաբորբ էր ձևավորվել։ Ես իմ մասին չէի մտածում, միայն մայրիկիս մասին էի մտածում։

Մենք այս պահին լավ ենք, բայց պայքարը դեռևս մինչև վերջ ավարտված չէ։ Մեր պարագայում բարեհաջող ավարտ ունեցավ։ Մարդը չգիտի՝ վաղը կամ հաջորդ վայրկյանին ինչ կարող է լինել իր հետ»,- պատմում է Մնացականյանը։

Նա նշում է, որ համավարակի օրերին օդի և շփման պակաս է զգացել, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես. «Շփման քաղց ունեի և այդ փաստից ընկճվում էի։ Վիրուսը այդքան ազդեցություն չուներ ինձ վրա, ինչքան իմ հոգեկան ապրումները։ Ես չէի կարողանում խոսել։ Մայրիկիցս և տանեցիներից տեղեկություն չունեի։ Կազդուրվելուց հետո հասկացա, որ հետ եմ վարժվել մարդկային շփումներից»։

Աննա Մնացականյանն, անդրադառնալով մարդկանց թերահավատ վերաբերմունքին վիրուսի նկատմամբ, ընդգծեց, որ եթե կորոնավիրուսը բլեֆ է և պետության կողմից շահադիտական նպատակ է հետապնդում և ուղղակի թվաքանակ է ապահովվում, ապա իր ընտանիքից 4 հոգու մոտ էլ թեստի արդյունքը պիտի դրական լիներ։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close