Նորություններ

«Սթափվե՛ք, այս իշխանության վրա մատ թափ տվողները հաստատ Դուք չեք». Ն.Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան գրառում է արել.

«Մարդկայնորեն ցավալի է, երբ տեսնում ես, թե նախկին իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչներ ինչպես են քննադատում այսօրվա իշխանություններին։
Այս ամենն իսկապես ծիծաղելի կլիներ, եթե ողբերգական չլիներ։

Լսե՛ք, այսօրվա իշխանության գոյությունը տարիներ շարունակ Ձեր անփառունակ, Ձեզանից շատերի հանցագործ էության ու գործունեության արդյունքն ու հետևանքն է։

Այո՛, այս իշխանությունը շատ թերություններ ունի և թույլ է տալիս բազմաթիվ սխալներ,
այո՛, այս իշխանությունն այդպես էլ չի ուզում գիտակցել, որ ֆեյսբուքով պետություն ղեկավարել չի կարելի և պետք է դուրս գալ ֆեյսբուքից, թևերը քշտել ու փորձել բարձրացնել պետական մարմինների գործունեության արդյունավետությունը,

այո՛, պետական կառավարման համակարգը գտնվում է ճգնաժամի մեջ, և բազմաթիվ պետական ու տեղական ինքնակառվարման մարմիններ մատնված են անգործության,
այո՛, դատաիրավական համակարգի բարեփոխումները տապալված են, իսկ երբեմն փնթի աշխատանքն աչք է ծակում։

Բայց եթե այս իշխանությունը լավ չի աշխատում, թերանում է, ձախողել է կորոնովիրուսի դեմ պայքարը, դա չի նշանակում, որ դուք անմեղ հրեշտակներ եք, որ Դուք կարող եք այսօր այս տոնայնությամբ ու շեշտադրումներով խոսել։
Անբարոյականություն է, որ բոլոր ոլորտներում տապալված, ձախողված ու հեռացված քաղաքական ռեժիմի որևէ ներկայացուցիչ կամ ջատագով այսօր կամ վաղը խոսի որևէ իշխանության ձախողումների ու անհաջողությունների մասին։

Սթափվե՛ք, այս իշխանության վրա մատ թափ տվողները հաստատ Դուք չեք։

Ո՛չ ոք չի մոռացվել, ոչի՛նչ չի մոռացվել։
Բավակա՛ն է։ Քաղաքական դաշտը պետք է ազատագրվի բացառապես «Սևի ու սպիտակի», «Ներկա ու նախկին իշխանության» գործունեության ազդեցությունից, որպեսզի հնարավոր լինի առողջացնել քաղաքական դաշտն ու ձևավորել անհրաժեշտ հանրային օրակարգ։

Տարիներ շարունակ, կամ ավելի պարզ՝ անկախության Հայաստանը կրախի առաջ կանգնեցրած քաղաքական ուժերն ու անհատները թեկուզ բարոյական տեսանկյունից չպետք է ունենան որևէ հավակնություն, ավելի՛ն, գոնե առաջիկա տարիներին պետք է լռեն՝ համարելով, որ այն ապաշխարելու ամենպատվաբեր տարբերակն է»:

Back to top button
Close