Նորություններ

«Տանեցիներին շատ եմ կարոտել, բայց նրանց վտանգի չեմ ենթարկի»

Աշխատանքային օրը սկսվում է առավոտյան 9-ից մինչև հաջորդ առավոտյան 10-ը. սա «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ ինֆեկցիոն մասնաճյուղի հերթապահող  բժիշկների  գրաֆիկն է. առավոտյան շրջայց, հիվանդների վիճակի գնահատում, հոգեբանական աջակցություն։

Բժիշկները համավարակի առաջին իսկ օրից ծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում։ Նրանցից շատերը ամիսներով տանը չեն եղել։

Տիգրան Մկրտչյանը մաշկաբան-վեներոլոգ է, համավարակի օրերին՝ սկզբում մեկուսարանում, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ ինֆեկցիոն մասնաճյուղում ցուցաբերում է բժշկական օգնություն։ Աշխատում է որպես բժիշկ-թերապևտ։

Նրա խոսքերով՝ բժիշկները պարտավոր են լինել առաջնագծում՝ չպետք է խուսափել և վախենալ։ Դա մեր գործն է. «Աշխատանքն ինքնին բարդ է։ Պացիենտները սկզբում այդքան էլ շատ չէին, ինչպես հիմա։ Մայիսի սկզբներին նկատվեց վարակվածների թվի աճ։ Տրամադրվածությունը համավարակի դեմ պայքարում մարտական է, ուղղակի ամենամեծ խնդիրն այն է, որ ժողովուրդը թերահավատորեն է նայում այս ամեն ինչին՝ անլուրջ ձևով։ Մարդիկ չեն գիտակցում՝ ինչի հետ գործ ունեն։ Անգամ իմ ծանոթները զանգում հարցնում են՝ կորոնավիրուս կա՞, թե՞ ոչ։ Չգիտես էլ՝ ինչ պատասխանես»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Տիգրան Մկրտչյանը։

Բժիշկը երկու ամիս տանը չի եղել, ասում է, որ կարոտել է թե՛ ընկերներին, թե՛ տան անդամներին, գործընկերներին։ Նրանց տևական ժամանակ չի տեսել. «Տանեցիներին շատ եմ կարոտել, բայց նրանց վտանգի չեմ ենթարկի։ Թեկուզ տան կողմն էլ չեմ եղել այսքան ժամանակ՝ անգամ հեռվից տեսնելու համար, որովհետև ես աշխատանքս պիտի մինչև վերջ կատարեմ, իսկ ինչքան կտևի՝ կախված է ժողովրդից»։

Բժշկի խոսքերով՝ «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ ինֆեկցիոն մասնաճյուղում տեղափոխված պացիենտներից լինում են խուճապային իրավիճակում, կան նաև պահանջկոտ պացիենտներ. «Լինում են դեպքեր, երբ պացիենտները այնպիսի բաներ են պահանջում հիվանդանոցից, որ բնականաբար անհնար է ապահովելը։ Օրինակ՝ ամեն սենյակում սառնարանով ապահովելը և այլն։ Այնպես չէ, որ հիվանդասենյակներում հարմարություններ չկան։ Ուղղակի պետք է պացիենտները հասկանան, որ հիվանդանոցը հյուրանոց չէ»,- ասում է բժիշկը։

Ըստ Մկրտչյանի՝ հասարակությունը ինչքան էլ տեղեկացված լինի համավարակի մասին, կա շատ մեծ զանգված, որոնք լուրջ չեն վերաբերվում համաճարակին։

Ընդգծում է, որ դիմակը կրում են ոչ թե իրենց ու մյուսների առողջությունը պահպանելու համար, այլ չտուգանվելու։ Եվ եթե այսօր հիվանդներին են սորտավորում, կամ որ հայտարարում են վերակենդանացման բաժանմունքներում ազատ մահճակալ չկա, դա գալիս է ժողովրդի պատկերացումներից, սխալ վերաբերմունքից այս ամենի նկատմամբ։ Եթե ամեն մարդ գիտակցի, որ պետք է կարանտին պահի, լավ, չպահի էլ, գոնե դիմակ կրի, ձեռքերը պարտադիր ախտահանի, իրավիճակն այսպիսին չի լինի։

Տիգրան Մկրտչյանն ասում է, որ չի ձանձրանում հիվանդանոցային առօրյայից, խոստովանում է՝ չնայած դրա համար ժամանակ էլ չկա. «Օրը լարված է անցնում հիվանդանոցում։ Չես հասկանում՝ երբ սկսվեց օրը, երբ ավարտվեց, կամ ամսվա որերորդ օրն է։ Չկա աշխատանքային և ոչ աշխատանքային հասկացողություն։ Ամեն պահի մտածում ես, որ հանկարծ պացիենտն իրեն  վատ չզգա, չնեղվի ոչ միայն առողջական վիճակից, այլև հոգեբանորեն։ Չգիտեմ, ամեն մի օր իր ձևով է հիշարժան։

Այս համավարակը բոլորիս կյանքում մի բան փոխել է թե՛ վատ և թե՛ լավ առումով։ Ես նոր ծանոթություններ ձեռք բերեցի։ Այս ամենի ավարտվելուց հետո կկարոտեմ լավ մարդկանց հետ կատարած իմ աշխատանքը»։

Բժշկի հորդորն ու կոչը  ազգաբնակչությանը հետևյալն է՝

  • պահպանել և հետևել կանոններին
  • կրել դիմակ
  • պահպանել սոցիալական հեռավորություն (1.5 մ)։

Back to top button
Close