Նորություններ

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է 11 կալանավորված անձ

ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվել է 11 կալանավորված անձ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՔԿԾ-ից։

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ն դեռ մայիսի 28-ին տեղեկացրել էր, որ մի քանի կալանավոր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից, որը նախկինում ԱԱԾ-ի մեկուսարանն էր, տեղափոխվել են «Վարդաշեն» ՔԿՀ։ Ըստ մեր աղբյուրների՝ պատճառը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսի տարածման մեծ վտանգն է։

«Փաստինֆո»-ն դիմել էր ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԾ, որտեղից տեղեկատվությունը ոչ հերքել էին, ոչ հաստատել և խնդրել դիմել գրավոր հարցմամբ, որն անմիջապես ուղարկվել էր։

Հունիսի 1-ին   ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ քրեակատարողական հիմնարկում պահվող 11 կալանավորված անձանց տեղափոխումն այլ քրեակատարողական հիմնարկներ պայմանավորված է եղել համակարգում մշտապես իրականացվող տեղաբաշխման գործընթացով» ու նշել, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել։

Նկատենք,  որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվածների թվում է նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, ինչի կապակցությամբ հայտարարությամբ են հանդես եկել նաեւ Գագիկ Խաչատրյանի փաստաբանները։

«27.05.2020թ. նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ և ներկայումս պահվում է էլ ավելի վատ պայմաններում՝ մոտ 4 քմ սենյակում, որտեղ ընդամենը մեկ մահճակալ է, փոքրիկ սեղան և զուգարանակոնք: Սենյակում առկա չէ իր հիգիենայի և խնամքի համար անհրաժեշտ այլ հարմարություններ, ոչ էլ հարմարեցված է հենակով շարժվող անձի համար անհրաժեշտ պայմաններին»,- նշված է հայտարարության մեջ:
Ընդ որում՝ Գագիկ խաչատրյանը տեղեկացվել է, որ այդ պայմաններում պետք է պահվի մոտ 14 օր՝ ինչը պայմանավորված է ՀՀ Պարետի որոշմամբ՝ նոր կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։

Back to top button
Close