Նորություններ

«Մեզ առաջիկայում սպասվում են ծանրագույն շաբաթներ, գուցե ամիսներ, որոնց ընթացքում արձանագրվելու են հազարավոր վարակման և հարյուրավոր մահվան դեպքեր»

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրել է.

Հունիսի 2-ին Հայաստանում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 517 նոր դեպք, մեկ օրվա ընթացքում մահացել է 19 քաղաքացի:

Այսպիսով, մենք հատեցինք 10 հազար վարակակիր ունենալու հոգեբանական շեմը, հունիսի 2-ի դրությամբ մեր երկրում հաստատված վարակակիրների թիվը հասավ 10.009-ի: Ասել, որ իրավիճակը աղետալի է ու օրհասական, նշանակում է ոչինչ չասել: Վարակի տարածումը վաղուց դուրս է եկել կառավարելիության սահմաններից և ըստ էության զարգանում է տարերայնորեն:

Մեր հիվանդանոցային ֆոնդն արդեն իսկ գերծանրաբեռնված է ու ցավոք, վարակակիրներից շատերն արդեն ստիպված են բուժվել իրենց տներում` էլ ավելի մեծացնելով իրենց հարազատներին ու մերձավորներին վարակելու հավանակությունը:

Կիրակի օրը ես` որպես կամավոր անցկացրել եմ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում, որտեղ սեփական աչքերով տեսա, թե ինչպիսի գերծանրաբեռնվածության պայմաններում են աշխատում մեր բուժաշխատողները: Նրանք գործում են ուժերի գերլարումով, գործադրելով իրենց մասնագիտական ու մարդկային որակների առավելագույնը:

Բայց այդ ռեսուրսը սահմանափակ է և հասկանալի է, որ մեր բուժաշխատողները չեն կարող անվերջ աշխատել գերմարդկային պայմաններում: Սրան զուգահեռ` հաշվի առնելով վարակակիրների` տանը բուժելու իրողությունը, չափազանց մեծանում է նաև արդեն տներում մարդկանց մահանալու հավանականությունը:

Այս բոլոր գործոնները վկայում են, որ մեզ առաջիկայում սպասվում են ծանրագույն շաբաթներ, գուցե ամիսներ, որոնց ընթացքում, ցավոք արձանագրվելու են հազարավոր վարակման և հարյուրավոր մահվան դեպքեր: Ստեղծված պայմաններում կառավարությունը, պատկան մարմինները կատարում են անհրաժեշտ քայլեր, բայց ակնհայտ է, որ դրանք բավարար չեն: Անթույլատրելի է ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու ողջ պատասխանատվությունը թողնել միայն գործադիրի ուսերին:

Հետևաբար մենք` որպես Ազգային Ժողով անհապաղ պետք է ձեռնամուխ լինենք համավարակի հաղթահարման ուղիների որոնման, այդ հարցում գործադիրին աջակցելու աշխատանքներին: Այդ նպատակով մենք կարող ենք և պետք է կազմակերպենք տարբեր ձևաչափերի քննարկումներ ոլորտի մասնագետների, փորձագետների հետ, որոնց արդյունքում ծնված գաղափարները կարող են օգտակար լինել համավարակի դեմ պայքարի գործում: Մենք կարող են ու պարտավոր ենք նաև խորհրդարանը վերածել համավարակի դեմ պայքարի յուրատեսակ շտաբի, մարմնի, որը համապատասխան մասնագետների ներգրավմամբ կկարողանան գործադիրին տրամադրել նոր գաղափարներ, նոր հաշվարկներ ու նոր երաշխավորություններ` համավարակի դեմ պայքարում:

Վերջին օրերին ես ստանում եմ տասնյակ զանգեր ու նամակներ ինչպես Հայաստանի, այնսպես էլ սփյուռքի մեր հայրենակիցներից, մասնագետներից, բժիշկներից, պարզապես մտահոգ քաղաքացիներից: Բոլորի խնդրանքն ու պահանջը մեկն է` անհրաժեշտ է գործել, անհրաժեշտ է գործել անհապաղ ու ուժերի գերլարումով:

Հետևաբար մենք որպես Ազգային Ժողով շտապ կերպով պետք է ներգրավվենք կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում: Ինչ ձևաչափով ու ինչ միջոցներով` կարող ենք որոշել քննարկումների ընթացքում: Ինքս` որպես ԱԺ պատգամավոր պատրաստ եմ ցանկացած հարցում` սկսած կազմակերպչականից մինչև տեխնիկական ու բովանդակային իմ կարողությունները տրամադրել Ազգային Ժողովը այդ գործընթացին մասնակից դարձնելու գործին: Մենք հապաղելու ժամանակ չունենք, որովհետև հապաղելու դիմաց վճարելու ենք մեր քաղաքացիների կյանքով ու առողջությամբ: Սա պատերազմ է, որում պետք է պայքարենք բոլորս, իսկ պատգամավորներս` առաջին հերթին:

Կոչ եմ անում իմ գործընկերներին, ԱԺ ղեկավարությանը` գտնելու կորոնավիուսի դեմ պայքարող մարմիններին օգնելու, աջակցելու խորհրդարանի հնարավորությունները և ժամ առաջ լծվելու գործի:

 

Back to top button
Close