Նորություններ

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատացել է

Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատթարացել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը։

Նրա փոխանցմամբ՝ փոխգնդապետն արյուն է կորցրել, ճնշման հետ կապված խնդիրներ են առաջացել։

Արա Մխիթարյանին տուն տեղափոխելու մասին տեղեկատվությանն անդրադառնալով՝ փոխգնդապետի եղբայրը նշեց, որ կար նման որոշում, առաջարկ, որ տուն տեղափոխեն, բայց վիճակը վատթարացել է և արդեն 10 օրից ավել է փոխգնդապետը դեղորայքի ազդեցության տակ է, միացված է արհեստական շնչառության ապարատին և բժիշկները պայքարում են, որ ճնշումը վերականգնվի։ Հարցին, թե արդյո՞ք այս ընթացքում որևէ շարժում, արձագանք, նշաններ եղել են փոխգնդապետի կողմից, Կարեն Մխիթարյանը բացասական պատասխանեց՝ նշելով, որ որևէ դրական փոփոխություն չկա։

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն 6 ամիս է, ինչ գտնվում է կոմայի մեջ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության միակ մեղադրյալը Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբայրն է՝ Զավեն Գրիգորյանը, թեեւ մամուլի տեղեկություններով, հարազատների պնդմամբ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին։ Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները։ Քրեական գործով միակ մեղադրյալը՝ Գրիգորյանը մարտի սկզբներին գրավի դիմաց ազատ է արձակվել։ Ընդ որում՝ նշված որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, ով համարվում է վատագույն վարկանիշն ունեցող դատավորը։ 2019թ.-ին նա եղել է ամենացածր վարկանիշն ունեցող դատավորը՝ -43 միավորով։ Ծեծված փոխգնդապետի հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացրել՝ պահանջելով վերականգնել արդարությունը և լիահույս էին, որ Դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը, մինչդեռ՝ Դատախազությունը հայտնել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ Վճռաբեկ բողոք չի պատրաստվում ներկայացնել:

 

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close